Փաշինյանը իր դավաճանական մտքերի համար էլ է մեղադրում նախկիններին

Եվ այսպես, օրերս ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետի աթոռը բռնությամբ զավթածը բառացիորեն ու անթաքույց ամրագրեց, որ իշխանության է եկել Արցախը և Հայաստանը թուրքադրբեջանական տանդեմին նվիրաբերելու առաքելությամբ։ Եվ եթե 44-օրյա պատերազմից հետո ակնարկում էր իր բուն առաքելության մասին և տրամադրություններ էր շոշափում, ապա բրյուսելյան վերջին հանդիպումից հետո հանդգնորեն հայտարարեց, որ ճանաչում է արհեստականորեն կազմավորված Ադրբեջան պետության տարածքային ամբողջականությունը՝ 86 600 քառակուսի կիլոմետրի սահմաններում՝ ներառյալ Արցախի Հանրապետությունն ամբողջությամբ, ինչպես նաև Հայաստանից պոկած և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող գյուղերը, որոնք Փաշինյանն իբրև անկլավներ է ներկայացնում և մայրուղիները, որոնք Ալիևը որպես միջանցք է ուզում ձեռք բերել՝ Ադրբեջանի վերահսկողությամբ։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ եթե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, դա ներառո՞ւմ է Արցախը, թե ոչ, դուք դրանով Արցախը ճանաչե՞լ եք Ադրբեջանի մաս, թե ոչ, ստահակը պատասխանել է․ «86 600 քառակուսի կմ-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատում։ Մենք կարևոր ենք համարում այդ բանակցությունների միջազգային երաշխիքների ստեղծումը: Նկատի ունենք, որ կարող է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը ուղղակի մոռացության մատնվել և Ադրբեջանը շարունակի ուժային լծակի գործադրմամբ ԼՂ հայության էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականություն իրականացնել: Մենք կարևոր ենք համարում, որ լինեն երաշխիքներ, որ այդ քաղաքականությունը չի շարունակվելու»:

Փաշինյանը նաև հավելել է, որ «86 600 քառակուսի կիլոմետրն առանձին է, բայց փաթեթի մեջ է 29 800 քառակուսի կմ-ի հետ։ 29 800 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը, 86 600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները»։

Իսկ հետո իր ոճին ու խոսույթին հարիր ձևով, իր, ավելի ճիշտ իրեն պարտադրված այդ որոշումը (գուցե ավելի ճիշտ կլինի ասել՝ Փաշինյանը մեծ հաճույքով է ստանձնել նման որոշման տակ ստորագրելու պարտավորությունը) նա փորձեց բարդել նախկին իշխանությունների վրա՝ այս էլ որերորդ անգամ անգրագետ, բայց իրեն սատարողների կողմից ընկալելի չհիմնավորումներով ասելով, թե նախկին իշխանությունները բանակցում էին հենց այն, ինչ ինքն այսօր կյանքի է կոչում, և իբրև թե հենց Մադրիդյան փաստաթղթերը դրա մասին էին՝ Արցախն ու այսպես կոչված անկլավները Ադրբեջանին հանձնելու, Փաշինյանի հիվանդ, այլասերված երևակայությամբ՝ Ադրբեջանին վերադարձնելու՝ իբրև իրենց պատկանելիք։ «Հայաստանի այսօրվա կառավարությունը ինչ ասի-չասի, ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ես ավելի եմ կոնկրետացրել և ավելի կոնկրետ դժվար եմ պատկերացնում՝ ինչպես կարող եմ ասել: 86 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը ՀՀ-ն պատրաստ է ճանաչել և մեր ընկալմամբ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի 29 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը: Եթե ճիշտ ենք հասկանում այս հարցում Ադրբեջանի հետ իրար, ՀՀ-ն այո, ճանաչում է Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 800 քառակուսի կմ  տարածքը»: Հետաքրքիր է, որ Փաշինյանն իր այս արտահայտություններում իրեն նույնացնում է Հայաստանի, հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետությունում ապրող և որոշում ընդունելու իրավունք ունեցող քաղաքացիների ու պաշտոնյաների, իրավական ու օրենսդիր կառույցների հետ՝ ներկայացնելով, թե բոլորն են միասնական նման որոշում կայացրել։

Վերադառնանք Արցախը Ադրբեջանին նվիրելու իր պատրաստակամության համար նախկին իշխանություններին մեղադրելու փաշինյանական փորձերին։ Վերջերս ԱԺ նիստի ժամանակ Նիկոլը առիթը բաց չթողեց իր հետևորդներին նման հիմարությամբ կերակրելու համար։ «Արմատական ընդդիմությունը փորձում է ներկայացնել, թե իրենց իշխանության տարիներին իրենք առաջնորդվել են «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» կարգախոսով ու ռազմավարությամբ»,- ԱԺ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Ստիպված եմ հիասթափեցնող լուր հայտնել՝ այդ պնդումները կատարյալ սուտ են, որովհետև բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը, այդպիսով նաև նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և երբեք չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով»։ Այնուհետև իր հայտարարությունը իբրև թե հիմնավորեց մտացածին ապացույցներով։ «1998 թվականի նոյեմբերի 25-ին Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, համաձայնել է որպես բանակցությունների հիմք ընդունել համանախագահների կողմից ներկայացված, այսպես կոչված, ընդհանուր պետություն առաջարկը, որում ասվում է․ «Լեռնային Ղարաբաղը հանրապետական ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններով»։ Երկրորդ մեջբերումը․ «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները՝ որպես անձը հաստատող վկայական, կունենան Ադրբեջանի անձնագիր՝ Լեռնային Ղարաբաղ հատուկ նշումով։ Այս մասին, բնականաբար, իմացել են թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը, թե Դաշնակցությունը։ Տարօրինակ է, թե ինչո՞ւ համանախագահության այս առաջարկին նրանք չեն արձագանքել, թե՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Նրանք ոչ թե չեն բացառել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, այլև համաձայնել են բանակցային փաթեթի առանցքային տրամաբանությանը, որ Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։ Ավելին, նրանք այս քայլով արհամարհել են 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ընդունած Անկախության հռչակագիրը և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի Անկախության հանրաքվեն։ Ընդհանուր պետություն բանակցային փաթեթին հաջորդել է, այսպես կոչված, տարածքների փոխանակման փաթեթը։ Այդ բանակցային փաթեթով Հայաստանի այն ժամանակվա կառավարիչներն Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս։ Ինչո՞ւ, որովհետև նշված փաթեթի իմաստն այն էր, որ Հայաստանն Ադրբեջանին է հանձնում Մեղրիի շրջանը և փոխարենն ստանում Լեռնային Ղարաբաղը։ Այսինքն՝ եթե ՀՀ-ն իր ինքնիշխան տարածքի մի մասը պիտի հանձներ Ադրբեջանին՝ Ղարաբաղն ստանալու համար, նշանակում է Ղարաբաղը ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածք։ Նշանակում է, թե Քոչարյանն ընդունել է, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է՝ Շուշիի և Լաչինի հետ միասին: Այսինքն՝ բանակցային վերը նշված երկու կոնցեպտների քննարկումով՝ մենք տեսնում ենք, որ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան-Դաշնակցություն եռյակն իր իշխանավարության տարիներին մի դեպքում ընդունել է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, իսկ երկրորդ դեպքում ընդունել է, որ Արցախն Ադրբեջանի կազմում է»։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս իրողություններն ավելի են ամրապնդվել «Մադրիդյան սկզբունքների» քննարկման ժամանակաշրջանում։ Այդ սկզբունքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից պաշտոնապես Հայաստանին և Ադրբեջանին են ներկայացվել 2007 թվականին՝ Մադրիդում։ Եվ հայկական կողմը համաձայնել է դրանք ընդունել որպես բանակցությունների հիմք։ Ըստ Փաշինյանի՝ «Մադրիդյան սկզբունքները» որպես բանակցության հիմք ընդունելով՝ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները Ղարաբաղն ընդունել են որպես Ադրբեջանի մաս և բացառել են Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու որևէ գործնական հնարավորություն։ Ըստ նրա՝ «Մադրիդյան սկզբունքները» և դրանում տեղ գտած ձևակերպումներն ընդունելով՝ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան-Դաշնակցություն եռյակը փաստորեն ԼՂ-ն վերադարձրել են Ադրբեջանի կազմ։ Դրանով, ըստ Փաշինյանի, ասվել է, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեն Արցախի կարգավիճակը չի որոշել, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղն այդ հանրաքվեով անկախություն չի ստացել, կարգավիճակ չի ստացել, և կարգավիճակը որոշվելու է ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով։ Ավելին, ըստ նրա, «Մադրիդյան սկզբունքներով» բացառվել է Լեռնային Ղարաբաղի չլինելը Ադրբեջանի կազմում, քանի որ այդ սկզբունքներով Ադրբեջանը վետոյի իրավունք է ստացել ԼՂ ապագա կարգավիճակի որոշման հարցում։

Իհարկե, Փաշինյանի այս զեղծարարություները հօդս ցնդեցրի նախկին՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները՝ պարզաբանելով, թե ինչ բովանդակություն ունեին նախկին իշխանությունների կողմից բանակցած փաստաթղթերը, և թե դրանք կյանքի կոչելու դեպքում ինչ էր շահելու Արցախի Հանրապետությունը։ Ընդ որում, այդ փաստաթղթերում կարմիր գծի պես միշտ անցել է Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որի մասին այս իշխանություններն այդպես երբեք էլ չբարձրաձայնեցին։

Մինչդեռ Սերժ Սարգսյանը ամեն անգամ խոսելով Արցախի ճակատագրից՝ միշտ շեշտել է, որ այո՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և երբեք չի ընդունել, որ երբևէ Արցախը Ադրբեջանի կազմում է եղել, անգամ ԽՍՀՄ տարիներին։ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, հասարակության տարբեր շերտերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: 2016 թ․ օգոստոսի 1-ին մի առիթով ելույթի ժամանակ ՀՀ երրորդ նախագահը ընդգծել է, որ անհաշվելի են իրենց հստակ դիրքորոշման հրապարակային հնչեցումներն անձամբ իր կողմից, որ միակողմանի զիջումների հնարավորությունը բացառվում է․«Ես իմ ողջ գիտակցական կյանքը իրականում նվիրել եմ այս խնդրին: Եվ իմ ժողովրդի համար ընդունելի տարբերակի հասնելու համար միշտ պատրաստ եմ եղել զոհաբերել ոչ միայն ցանկացած պաշտոն, այլև կյանքս: Դա այդպես է եղել երեկ, այդպես է այսօր, այդպես է լինելու վաղը»,- շեշտել է նախագահը:

Արդեն իսկ չզբաղեցնելով ՀՀ նախագահի կամ երկրի ղեկավարի պաշտոնը՝ նա չի հրաժարվել իր առաքելությունից և շարունակել է պնդել, որ Արցախը Ադրբեջանի կազմում չի ընդգրկվելու և դա իրականացնելու համար նա պատրաստ է նվիրաբերել իր կյանքը, քանի որ նաև իր այդ կյանքի գնով է ազատագրվել Արցախը։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, երբ վտանգի մեջ գտնվող արցախահայությունը իր պատմական հայրենիքի մի հատվածում, այդ ժամանակ գործող բոլոր իրավական և միջազգային նորմերին համապատասխան, հաստատուն որոշում կայացրեց Արցախը հռչակել անկախ պետություն, քաջ գիտակցում էր, որ չափազանց թանկ է վճարելու այդ որոշման համար, որին աներկբա սատար կանգնեց ամբողջ հայությունը: Իր բազմաթիվ զավակների կյանքի գնով, պատերազմի արհավիրքների ու զրկանքների միջով անցնելով՝ մեր ժողովուրդը հերոսաբար պաշտպանեց արցախահայության անկախ, ազատ և արժանավայել ապրելու իրավունքը: Մենք բոլորս միասին անցանք հերոսական այդ ճանապարհը, հետո միասին շարունակեցինք պայքարը նորանկախ պետության կայացման, պետականության ամրապնդման ու արցախահայության բարօրության ապահովման համար:

Իսկ Փաշինյանի ասուլիսից հետո Արցախի Ազգային ժողովի հայտարարությանն ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց․ «Մշտապես, այդ թվում՝ անցած հինգ տարիներին, բոլոր հնարավոր առիթներով ես հայտարարել եմ՝ Արցախը չի´ լինելու Ադրբեջանի կազմում: Ես և իմ գլխավորած քաղաքական ուժը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, մեր բոլոր հայտարարություններում, ելույթներում, ուղերձներում անընդհատ շեշտել ու հայտարարել ենք մեր սկզբունքային մոտեցումները Արցախի հարցում, կետ առ կետ շարադրել մեր դիրքորոշումները մեզ համար կենսական այդ հարցի, ինչպես նաև Հայաստանի կառավարիչների կործանարար քայլերի մասին: Դրանք որևէ փոփոխության ենթակա չեն: Բարձրաձայնել ենք, պայքարել ու շարունակում ենք պայքարել, որքան էլ մեզ զրպարտել են, վարկաբեկել, թիրախավորել՝ ականջալուր չլինելով մեր ահազանգերին ու նախազգուշացումներին: Եթե ոմանք հիմա հանկարծ «անսպասելիությունից անակնկալի են եկել» և ինձնից նոր հայտարարություն են պահանջում, առնվազն տարակուսելի է: Եղել և հաստատապես շարունակում եմ լինել Արցախի իմ քույրերի ու եղբայրների կողքին՝ հավատարիմ իմ մարտական ընկերների շիրիմների առջև տված երդմանս՝ կիսատ չթողնել համատեղ սկսած գործը»:

Թագուհի Ասլանյան