Առ ոչինչ են Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմված որևէ փաստաթուղթ․ Արցախի ԱԺ

Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2023 թվականի մայիսի 22-ին` ժամը 23:00-ին, գումարվեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ հարցերի օրակարգով։
Արցախի խորհրդարանի հայտարարությունը․
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամլո ասուլիսին կատարած հայտարարությունը, որով նա վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Արցախը ներառելու Ադրբեջանի կազմում, խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջացրել Արցախի Հանրապետությունում։

Նիկոլ Փաշինյանն իր այդ հանձնառությամբ կոպտորեն խախտում է ՀՀ Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին․ առանձնապես՝ ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թ․ հուլիսի 8-ի որոշման հրամայական հիմնադրույթն առ այն, որ ՀՀ համար անընդունելի պետք է համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991 թ․ դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ, և որևէ իշխանություն իրավասու չէ այն բեկանելու։

Մեզ համար անընդունելի և առ ոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմված որևէ փաստաթուղթ։

Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց։

Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում համայն հայությանը՝ թույլ չտալ Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունների կողմից Հայոց հայրենիքի մի մասը՝ Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները անկլավների անվան տակ Ադրբեջանին զիջելուն ուղղված աղետալի քայլերը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է հայկական պետականության կորստին։

Միաժամանակ դիմում ենք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին ու գործող նախագահներին՝ կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թ․ մայիսի 22-ի հայտարարությունները, այլապես ձեր լռությունը կդիտարկենք որպես ՀՀ վարչապետի հետ համաձայնության նշան»։