Առաջարկ ենք ստացել ՌԴ նախագահի միջնորդությամբ բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում. Փաշինյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում սպասվում են մի շարք տարբեր ձևաչափերի հանդիպումներ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օրակարգով։

«Հիշեցնեմ, որ արտաքին գործերի նախարարների մակարդակով մայիսի 19-ին հանդիպում է սպասվում Մոսկվայում: Հայաստանի արտաքին գործերի նախարարը մեկնել է արդեն Մոսկվա: Ռուսական կողմից ստացել ենք արդեն առաջարկ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ բաձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում՝ մայիսի 25-ին, և մենք ընդունել ենք այդ առաջարկը»,- ասել է նա ու ավելացրել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում է նախատեսվում հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակում: Նման հնգակողմ հանդիպում նախատեսված է նաև հոկտեմբերին՝ Գրանադայում: Բրյուսելում հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսված է հուլիսին: