«ԱԱԾ»-ին հավանաբար հրահանգ տրվեց՝ տպավորություն ստեղծել, որ կոկաինը Նիկոլի, նրա շրջապատի կամ Նիկոլի իշխանության հետ կապ չունի, բայց…

Հակառակ տպավորությունն առաջացավ ու կասկածներն ավելի խորացան

 

Երբ երեկ Իտալիայի ֆինանսական գվարդիայի, ANSA գործակալության հաղորդագրություններից, եվրոպական, ադրբեջանական և այլ լրատվամիջոցների հրապարակումներից հայտնի դարձավ, որ Իտալիայում բացահայտվել, առգրավվել և ոչնչացվել է Էկվադորից Հայաստան ուղարկված, ճանապարհին գտնվող 2 734 կիլոգրամ (ավելի քան 800 մլն եվրոյի) կոկաին, հիմնավոր կասկածների տեղիք տվող մի շարք տրամաբանական հարցեր առաջացան: Ահավասիկ դրանցից մի քանիսը.

1.Միջազգային թմրաբիզնեսի խոշոր շնաձկներն այնքան միամիտ կամ հիմա՞ր էին, որ առանց Հայաստանում Նիկոլի կամ մաքսային ծառայության և «ազգային անվտանգության ծառայություն» կոչվածի համապատասխան պաշտոնյաների հետ նախապես գործ բռնելու, պայմանավորվելու, համապատասխան երաշխիքներ ունենալու, վերցնեին ու Հայաստան ուղարկեին 2 734 կիլոգրամ մաքուր, բարձրորակ կոկաին, որը տեղ հասնելու և իրացման դեպքում թմրավաճառներին ավելի քան 800 մլն եվրոյի (մոտ 900 մլն դոլարի) եկամուտ կապահովեր…

2.Ո՞ւմ կարող է հավատացնել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբազեցնող Նիկոլը, որ ինքը կամ իր նեղ շրջապատից ոմանք, կամ Ռուստամ Բադասյանի ղեկավարած Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության շա՜տ բարձրաստիճան ինչ-որ պաշտոնյաներ, նրանց հետ նաև Հայաստանի «ազգային անվտանգության ծառայություն» կոչվածի և ոստիկանության, դեռ չասենք ղեկավարությունը, որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ անտեղյակ և անմասն են եղել Հայաստանին անմիջականորեն առնչվող դարի թմրագործարքին…

3.Ինչո՞ւ Հայաստանի գլխավոր դատախազությունը կամ դատախազը մեր երկրին առնչվող նման սկանդալային բացահայտումից հետո համապատասխան հարցումով չի դիմել Իտալիայի գլխավոր դատախազին, օրինակ, չի հարցրել, թե Հայաստանից ո՞ր ընկերությունը և ո՞վ է այն 78 տոննա բանանի պատվիրատուն, որի հետ սառեցված վիճակում բանանին խառնված, բանանի արկղերում թաքցված, Հայաստան է ուղարկվել վերոնշյալ թմրամիջոցը:

Ինչո՞ւ չի հարցրել, թե Էկվադորից ո՞ր ընկերությունը, ո՞վ կամ ովքե՞ր են եղել բանանը Հայաստան առաքողները:

Ինչո՞ւ Իտալիայի գործընկերոջից չի խնդրել տվյալ ապրանքին ուղեկցող փաստաթղթերը կամ դրանց պատճենները, ոչ էլ առաջիկայում այս ամենն անելու մտադրություն է ունեցել, հակառակ պարագայում իր կողմից կատարված կամ կատարվելիք հարցումների, գործողությունների մասին կհայտներ իրեն համապատասխան հարցով դիմած լրատվամիջոցին, նրա միջոցով էլ՝ հանրությանը: Գլխավոր դատախազությունից NEWS.am կայքին պատասխանել են  ընդամենն այն, որ «Դատախազությունը ուսումնասիրում է թեմայի վերաբերյալ մամուլում առկա հրապարակումները»: Յաա՜, լավ է, որ գոնե ուսումնասիրում են…

4. Ինչո՞ւ երբ երեկ արտերկրի և հայաստանյան ԶԼՄ-ներում, սոցիալական ցանցերում Հայաստան 2734 կգ կոկաինի առաքման փորձի առնչությամբ հրապարակումների ու հարցերի տարափ էր, թե՛ Գլխավոր դատախազության, թե՛ Հայաստանի «ազգային անվտանգության ծառայություն» կոչվածի, թե՛ ոստիկանության, թե պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքերում Հայաստան ահռելի զանգվածի թմրամիջոցի ներմուծման վերոնշյալ փորձի առնչությամբ որևէ տեղեկություն չկար, բացարձակ լռություն էր:

Այսքան անպատասխան կամ հասկանալի պատասխաններ ենթադրող հարցերից հետո մեր և այլոց համապատասխան կասկածներն, իհարկե, պետք է հիմնավոր համարել:

Հայաստանի «ազգային անվտանգության ծառայություն» կոչվածը, սակայն, կոկաինի մեկ այլ խոշոր խմբաքանակի (այս անգամ արդեն Հայաստան ներմուծված) վերաբերյալ այսօր իր հրապարակած հաղորդագրությամբ  փորձեց անուղղակիորեն հերքել առկա կասկածները: «Բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու դեպքեր (լուսանկարներ)» վերտառության ներքո «ԱԱԾ» հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով  Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն Եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

Քրեական վարույթով նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, կատարվել են հարցաքննություններ, տեղեկատվության պահանջ է ուղարկվել իրավասու մարմիններ, հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն:

Նախաքննությունը շարունակվում է»:

Նախ, ուշադրության է արժանի այն փաստը, որ «ԱԱԾ» կոչվածը վերը մեջբերված հաղորդագրությամբ հանդես եկավ այսօր, այսինքն՝ երեկ մի շարք ԶԼՄ-ների և անձանց կողմից հրապարակայնորեն արտահայտված այն կասկածներից հետո, որ Իտալիայում բացահայտված և առգրավված մոտ 3 տոննա կոկաինը դժվար թե Հայաստանից պատվիրվեր և Էկվադորից մեր երկիր ուղարկվեր առանց Նիկոլի, նրա մերձավոր շրջապատի կամ իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձանց գիտության, նախնական համաձայնության, առանց նրանց հետ գործ բռնելու, եթե ոչ, միջնորդավորված կերպով հենց նրանց կողմից:

«ԱԱԾ» կոչվածը իր վերոնշյալ հաղորդագրությամբ, ամենայն հավանականությամբ, հարկադրված հանդես է եկել հենց նրա համար, որպեսզի հերքի վերոնշյալ կասկածները, այսինքն՝ եթե Հայաստանի իշխանական վերնախավից կամ իրավապահ համակարգի բարձրաստիճաններից ոմանք կապ ունենային Էկվադորից առաքված և Իտալիայում բացահայտված, առգրավված 2 734 կգ, ավելի քան 800 մլն եվրո արժողության կոկաինի հետ, որի մասին հայտնի դարձավ երեկ, ապա իրենք ավելի վաղ չէին բացահայտի և առգրավի արդեն իսկ Հայաստան ներմուծված շուրջ 250 մլն եվրո արժողության կոկաինը: Իյա, լո՞ւրջ…, եթե, իսկապես սա է հաղորդագրության հեղինակի մտքինը: Եվ եթե այո, ապա այդ դեպքում թող վերոնշյալ 4-րդ կետում իրենց վերաբերվող հարցից բացի, «ԱԱԾ» կոչվածը պատասխանի նաև հետևյալ հարցերին.

1. Հայաստան ներմուծված շուրջ 250 մլն եվրո արժողության կոկաինը, ինչպես բխում է վերոնշյալ հաղորդագրությունից, հայտնաբերվել և առգրավվել է դեռ մայիսի 13-ին, եթե ոչ ավելի վաղ (մայիսի 13-ին քրեական վարույթն է նախաձեռնվել), հետևաբար ինչո՞ւ հանրությանն այդ մասին 4 օր շարունակ չի հայտնել ու բարեհաճել է հայտնել միայն այսօր՝ երեկվա սկանդալային բացահայտումից ու հրապարակումներից հետո:

Ի՞նչ է՝ քնե՞լ է այդ տեղեկատվության վրա, կարծում էր վարո՞ւնգ է, թթո՞ւ էր դրել, դեռ չէ՞ր թթվել, որ մատուցեր, կամ, ասենք, կոնյակ, որը որքան մնար կաղնե տակառում, այնքան որակյալ կլիներ: Կամ՝ Հայաստան ամեն օր, ամեն շաբաթ, ամեն ամիս կամ, թեկուզ, ամեն տարի շուրջ 250 մլն եվրոյի կոկաի՞ն է ներմուծվում, այսինքն՝ այդքան սովորական, ոչ նշանակալի դե՞պք էր, որ գոնե քրեական վարույթը նախաձեռնելու օրն այդ մասին չի հայտնել հանրությանը:

2. Իրավունք ունե՞նք մտածելու, ենթադրելու, որ եթե Իտալիայում չբացահայտվեր, չառգրավվեր հայաստանյան ինչ-որ ընկերության կամ ընկերությունների հասցեագրված ավելի քան 800 մլն եվրո արժողության վերոնշյալ կոկաինը, այդ մասին Հայաստանին և աշխարհին հայտնի չդառնար, ընդհանրապես չէր հայտնվի, որ ավելի վաղ Հայաստան ներմուծված 250 մլն եվրոյի կոկաին է հայտնաբերվել և այն գտնվում է «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում», այսինքն՝ ծածկադմփոցի կարվեր, և կոկաինը, միգուցե, ոչ թե «ԱԱԾ» կոչվածում, այլ նույնիսկ հասցեատիրոջ մոտ կլիներ ու կիրացվեր սև շուկայում:

Եթե «ԱԱԾ» կոչվածից պատասխանեն, թե իրավունք չունեք, հարցնելու ենք՝ իսկ ինչո՞ւ… Եվ դեռ սոսկ «դեսերտի» համար հիշեցնելու ենք «Ազգային ժողով» կոչվածի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքը՝ «Մարիխունան կարող է օրինականացվել և ճիշտ է դա անել հնարավորինս սեղմ ժամկետներում», ինչպես նաև դեռ 2017թ. դեկտեմբերին նրա մեկ այլ հայտարարությունը՝ «Մարիխուանայի օրինականացումը Հայաստանում ժամանակի խնդիր է»: Միայն թե չասեն մարիխուանան կոկաին չէ, շատ ծիծաղելի վիճակում կհայտնվեն…

Ի դեպ, «ԱԱԾ» կոչվածը չի նշել, թե Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ո՞ր ընկերության կողմից է Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրվել տվյալ ապրանքատեսակը, որի  հետ Հայաստան է ներմուծվել շուրջ 1 տոննա քաշով վերոնշյալ կոկաինը, և ի՞նչ ապրանքատեսակի մասին է խոսքը, դարձյալ բանանի՞… Մնում է ենթադրել, որ, ամենայն հավանականությամբ, այո:

Ելնելով նաև նրանից, որ խոսքը դարձյալ Էկվադորից առաքված թմրամիջոցի մասին է, լիովին համընկնում են ոչ միայն առաքման երկիրը, այլև թմրամիջոցի տեսակը և առաքման երթուղին, կարող ենք գրեթե առանց սխալվելու եզրակացնել, որ թե՛ Իտալիայում բացահայտված կոկաինը, թե՛ «ԱԱԾ» կոչվածի հաղորդագրությունում նշվածն Էկվադորից առաքվել են Հայաստանում գործող նույն ընկերության կամ տարբեր ընկերությունների ղեկավարների կամ համապատասխան աշխատակիցների նույն հանցավոր խմբավորման պատվիրած բանանի կամ մրգերի խմբաքանակների հետ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան