Ստեփանակերտի բնակչի հողամասում՝ պլաստմասե տարաների մեջ, հայտնաբերվել է կանեփի 13 սածիլ․ ԱՀ ՆԳՆ

Մայիսի 11-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում, զննության է ենթարկվել Կարմիր գյուղի վարչական տարածքում գտնվող Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Ս.-ին պատկանող հողամասը, որտեղ` երկու պլաստմասե տարաների մեջ հայտնաբերվել և վերցվել է վերջինիս կողմից ապօրինի ցանված և աճեցրած «Կանեփանման» բույսի 13 սածիլ:  Հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Ստուգմամբ զբաղվում է Ասկերանի շրջանային բաժինը։

Հաջորդ օրը`մայիսի 12-ին, ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու և պահելու կասկածանքով Ստեփանակերտ քաղաքի Մ. Մկրտչյան փողոցից բերման են ենթարկել 35-ամյա Ա.Գ.-ին, 23-ամյա Կ.Գ.-ին և 27-ամյա Ա.Հ.-ին։

ՔՀ վարչություն բերման ենթարկելիս, նշված ավտոմեքենայի վարորդ՝ Ա. Գ.-ն իր մոտ գտնվող 1.93 գրամ թմրամիջոցի պարունակությամբ փաթեթը շպրտել է գետնին: Բերման եթարկելուց հետո վերջինիս անձնական խուզարկությամբ բաճկոնի գրպանում հայտնաբերվել է 1 հատ կաթուցիչ շագանակագույն նստվածքով, իսկ ավտոմեքենայի սրահի զննությամբ նրան պատկանող կանեփանման բույսի 11 սերմ և 3 կաթուցիչ, որից 2-ը` շագանակագույն նստվածքով։ Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է Ա. Հ.-ին պատկանող 2 առանձին փաթեթներում ընդհանուր 0.48 գրամ թմրամիջոցի նմանվող բուսական զանգված և 1 կաթուցիչ` շագանակագույն նստվածքով, իսկ Կ. Գ.-ի անձնական խուզարկությամբ` 2 կաթուցիչ շագանակագույն նստվածքով:

Ստուգմամբ զբաղվում է Քրեական հետախուզության վարչությունը։

Թմրամիջոցների չարաշահումները լուրջ վտանգ են ներկայացնում ոչ միայն անհատի, այլև ողջ հասարակության և պետության համար: Ավելին, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունը սպառնում է պետության անվտանգությանն ու կայունությանը, աղետալի վնասներ է հասցնում երկրի տնտեսությանը, ազգի գենոֆոնդին: