Քերոբյանը Գյումրիում դասախոսություն է վարել «չոր նավահանգստի» թեմայով

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 5-ին այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ և հանդես եկել «Աշխատանքի արտադրողականությունը Հայաստանում» թեմայով դասախոսությամբ։ Տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից։

Մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանի ուղեկցությամբ նախարար Վահան Քերոբյանը և ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը շրջայց են կատարել համալսարանում, ծանոթացել համալսարանի թվայնացված գրադարանին, փաստաթղթերի արխիվացման կարգին, ուսումնական ծրագրերին, կրթական բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Դասախոսության ընթացքում նախարարը ներկայացրել է աշխատանքի արտադրողականության վրա ազդող գործոնները, արտադրողականության աճին միտված Կառավարության միջոցառումները՝ հատկապես շեշտը դնելով Տնտեսության արդիականացման միջոցառման վրա։

Առանձին անդրադարձ է կատարվել Գյումրու «չոր» նավահանգստի նախագծին։

Դասախոսության ավարտին հարցուպատասխանի միջոցով ուսանողները ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները։