Հայաստանում մետաղական ձուլակտորների արտադրության գործարան է հիմնվում

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 4-ի նիստում հավանություն տվեց «Քարակերտի քարաձուլման գործարան» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված գործարար ծրագրին, նաև այդ ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով վճարված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների չափով շահութահարկի գումարից նվազեցում արեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին և զբաղվում է մետաղական ձուլակտորների արտադրությամբ ՀՀ Արմավիրի մարզում։ Ընկերությունը հանդիսանում հայկական խոշոր պողպատաձուլական ձեռնարկություն: Գործարանը օգտագործելու է Հայաստանում գոյություն ունեցող մետաղների ջարդոնը, որը ժամանակին առանց ավելացված արժեքի արտահանվում էր Հայաստանի սահմաններից դուրս։

Նկատի ունենալով, որ Հայաստանում գոյություն չունեն մետաղական արտադրանք ստեղծող գործարաններ, չկա մետաղական ձուլակտորների սպառման հնարավորություն, ուստի ընկերությունը նախատեսում է արտադրանքը արտահանել Վրաստան, այնտեղ օգտագործման նաև վերարտահանման նպատակով դեպի ԵՄ, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրներ։

Գործարանի շինարարությունը սկսվել է 2021 թվականին և արտադրության մեկնարկը կտրվի 2023 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․4 մլրդ դրամի կապիտալ ներդրում և մինչև 2028 թվականը ստեղծել 85 նոր աշխատատեղ։