Ի՞նչ նպատակով է Ռուբեն Ռուբինյանը մասնակցում հայ-ադրբեջանական բանակցություններին․ Գեղամ Մանուկյան

Ազգային ժողովի հերթական նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ հանգամանքով, ի՞նչ նպատակով է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնյան բանակցություններին մասնակցում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Երեկ հայտնի դարձավ, որ Վաշինգտոնում Արարատ Միրզոյանի գլխավորած  պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Պատվիրակության կազմում էր Ալեն Սիմոնյանի ստորագրած որոշմամբ նաև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Հայտնի է, որ Ռուբինյանը Հայաստանի կողմից Թուրքիայի հետ բանակցությունների բանագնացն է։ Հարց՝ Ռուբեն Ռուբինյանը ի՞նչ հանգամանքով, ի՞նչ նպատակով, ի՞նչ կարգավիճակով է մասնակցում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններին, արդյո՞ք  հայ-ադրբեջանական բանակցությունների մեջ է նաև հայ-թուրքական հարաբերությունները և այդ  երկու հարաբերությունները իրար փոխկապակցված են»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։

ԱԺ փոխանախագահ Հակոբ Արշակյանն ասաց, որ պարոն Ռուբինյանը բազմիցս այստեղից այս հարցին պատասխանել է, նա Հայաստանի կողմից ներկայացված է Թուրքիայի հետ բանակցություններում, ըստ էության, իր գործառույթներն է կատարում։

«Ինչ վերաբերում է  իր գործուղմանը, պարոն Սիմոնյանի հրամանի մեջ ամեն ինչ ասված է»,- նշեց ԱԺ փոխնախագահը։

Գեղամ Մանուկյանն ասաց. «Անակնկալ հայտարարվեց, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում է  լինելու, հանդիպումից առաջ կամ ընթացքում հայտարարվեց, որ բազմափուլ է,  մի քանի օր շարունակ այդ հանդիպումները տևելու են։ Հատկանշական է, որ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությամբ Ռուբինյանի գործուղումն ապրիլի 28-ից մայիսի 5-ն է, որը նշանակում է՝ ենթադրվում էր, ի սկզբանե հայտնի էր, որ մի քանի օր շարունակ բանակցություններ են լինելու։

Նորից պետք է արձանագրել՝ հայ ժողովրդի թիկունքում ստվերային, գաղտագողի տեղի են ունենում գործընթացներ, տարբեր ձևաչափով հանդիպումներ, որոնք վտանգում են Հայաստանի, Արցախի անվտանգությունը, հարվածի տակ են դնում մեր ժողովրդին, պետականությունը, ազգային անվտանգությունը»։

Հակոբ Արշակյանն արձագանքեց. «Ճիշտն ասած՝ զարմացած եմ, պարոն Մանուկյան, որ ձեզ համար նորություն է, որ բանակցություններ են տեղի ունենում։ Առաջարկում եմ հետևել ԱԳ նախարարության հաղորդագրություններին»։