Թագուհի Թովմասյանը Կովաչևին ներկայացրել է «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում մարդու իրավունքների շարունակ ոտնահարումները

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը տեղեկացնում է. «Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակազմով հանդիպում ունեցանք Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ:

Քննարկեցինք Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն
խախտումներին, Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերներին,
սահմանային լարվածությանը, Ադրբեջանի կողմից Արցախում ապօրինաբար տեղադրված անցակետին առնչվող կարևորագույն հարցեր:

Պարոն Կովաչևին ներկայացրի նաև «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում
մարդու իրավունքների շարունակ ոտնահարումները, մասնավորապես՝ խտրական
վերաբերմունքն ընդդիմադիր հայացքներ ունեցողների և իշխանության համախոհների կամ իշխանական թիմի ներկայացուցիչների միջև:

Նշեցի ԱԺ ՄԻՊ ՀՀ հանձնաժողովի խայտառակ նիստում տեղի ունեցած
անօրինությունները, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սպառնաց կտրել ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածուի ականջներն ու լեզուն և մնաց անպատիժ:

Խոսելով խոսքի ազատության ոտնահարումների մասին՝ ընդգծեցի, որ այս առումով
ևս խտրական քաղաքականություն է իրականացվում: Իշխանության համար «ոչ
ցանկալի» անձինք, երբ բռնության կոչ են անում, պատժվում են, իսկ
նույնաբովանդակ բռնության կոչեր և սպառնալիքներ հնչեցրած, պատգամավորին
անհարիր վարքագիծ դրսևորած իշխանական պաշտոնյաները որևէ պատասխանատվության չեն ենթարկվում:

Ներկայացրի, որ քաղաքական ակցիա իրականացնելիս՝ ինձ և իմ գործընկեր
պատգամավորներին անվտանգության աշխատակիցները՝ ԱԺ նախագահի հրահանգով, բռնությամբ դուրս հանեցին Ազգային ժողովի դահլիճից ընդմիջման ժամանակ և թույլ չտվեցին այլևս մտնել ԱԺ դահլիճ: Այս անօրինությունների համար ևս ոչ ոք պատասխանատվություն չի կրել:

Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցողն արտահայտեց իր մտահոգությունը Հայաստանի և Արցախի անվտանգային իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական վիճակի շուրջ։

Երկուստեք հայտնեցինք մեր պատրասակամությունը շարունակել մշտական
համագործակցությունը Հայաստանի և Արցախի համար կարևորագույն հարցերի շուրջ»։