Տեղի ուղղությամբ, հակառակորդի հետ ՀՀ զինված ուժերը արդեն իսկ գտնվում են շփման պայմաններում․ Էդվարդ Ասրյան

«Սահմանային իրադրությունը ներկա դրությամբ հարաբերական կայուն է, բայց հակառակորդի կողմից Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ»,- Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Նրա խոսքով,  հրադադարի ռեժիմի խախտման նպատակը իրավիճակը միշտ լարված պահելն է, բայց մեր կողմից իրավիճակը գտնվում է հսկողության տակ։

ԳՇ պետը ԵՄ դիտորդական առաքելության հետ աշխատանքը բարձր է գնահատում, նշելով, որ առաքելությունը կատարում է իր առջև դրած  խնդիրը։

«Բոլոր խնդիրները լուծվում են պատշաճ մակարդակով, առաջին հերթին՝ մենք ստանձնում ենք նրանց ռազմական անվտանգության ապահովումը ինչպես տեղում աշխատելու, այնպես էլ՝ երթևեկության ժամանակ։ Համագործակցությունը գնահատում եմ բարձր», – ասաց ԳՇ պետը։

Է․ Ասրյանի խոսքով,  Տեղ գյուղի ուղղությամբ հակառակորդի հետ ՀՀ զինված ուժերն արդեն իսկ գտնվում են շփման պայմաններում։

«Տեղի ուղղությամբ, հակառակորդի հետ Հայաստանի զինված ուժերը արդեն իսկ գտնվում են շփման պայմաններում, ունենք նաև ստեղծված մեր առաջնագիծը,  դիրքային համակարգը, կատարելագործում ենք, բարելավում ենք, օր օրի իրականացնում ենք համապատասխան աշխատանքներ էլ ավելի բարելավելու հակառակորդի նկատմամբ որոշ ուղղություններում նաև առավելություն ստանձնելու ուղղությամբ: Մյուս հատվածներում զինված ուժերը  իրենց առջև դրված խնդիրները կատարում են»: