Հիմա Արցախում չնայած մենք առերեսվում ենք նոր ցեղասպանության սպառնալիքի հետ, բայց ունենք պայքարելու կամք, չհանձնվելու հաստատակամություն․ Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)

Ուժեղ ու հաջողակ կարող են լինել միայն նրանք, ովքեր կարողանում են սեփական պատմությունից դասեր քաղելով առաջ գնալ, երախտագիտություն հայտնել դժվար իրավիճակում իրենց օգնության ձեռք մեկնածին ու նույն կերպ վարվել այսօր ծանր վիճակում հայտնված մարդկանց հետ: Այդ մասին Շողակաթ ՀԸ / Shoghakat TV հեռուստաընկերության «Երրորդ հազարամյակ» ծրագրի շրջանակում ասել է ԱՀ նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը։

«Հենց այս նպատակով 8 տարի առաջ իմ համախոհ և գաղափարակից ընկերների՝ երջանկահիշատակ Վարդան Գրեգորյանի ու Նուբար Աֆեյանի հետ միասին հիմնեցինք Aurora Prize: Այսօր հպարտությամբ կարելի է ասել, որ այն արդեն համաշխարհային մարդասիրական շատ կարևոր շարժում է դարձել:

Այն ստեղծվեց հայերիս կողմից՝ հայկական թեմայի շուրջ: Մենք ուզում էինք ցույց տալ աշխարհին, որ կրելով ցեղասպանության ցավը, միաժամանակ կարող ենք երախտապարտ լինել նրանց, ովքեր փրկել ու կյանքը շարունակելու երկրորդ հնարավորություն էին տվել մեր նախնիներին և, ի հիշատակ նրանց ու մեր նախնիների, պարտավոր ենք նույնը անել՝ օգնելով այսօրվա աշխարհում ծանր դժվարությունների միջով անցնող մարդկանց: Այս գաղափարը կարևոր բանաձև ունի իր մեջ. այն մի կողմից մեզ թույլ է տալիս ազատվել ցեղասպանությունից հետո մեզ հետապնդող զոհի բարդույթից, մյուս կողմից մեզ ուժ է տալիս, քանի որ օգնելով ուրիշներին, մենք մեզ ավելի ուժեղ ենք զգում:

Հիմա Արցախում չնայած մենք առերեսվում ենք էթնիկ զտման և նոր ցեղասպանության սպառնալիքի հետ, բայց մենք ունենք պայքարելու կամք, մենք ունենք չհանձնվելու հաստատակամություն և ամեն օր այստեղ մնալով, մեր աշխատանքով ու համառությամբ անհնար ենք դարձնելու մարդկության ու մեր ազգի նկատմամբ նոր հանցագործության իրագործումը»: