Հայաստանում տարեցտարի աճում է կեսարյան հատումների թիվը. Անահիտ Ավանեսյան

Հայաստանում տարեցտարի աճում է կեսարյան հատումների թիվը, որը շատ ցավալի ու վատ տենդենց է։ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարն ընդգծեց, որ գուցե մարդու իրավունքների տեսանկյունից կինն է որոշում` ինչպես ունենալ երեխային, սակայն այդ տարբերակով ծննդալուծումը ուղղակիորեն վնասում է կնոջ առողջությունը և հետագայում ստեղծում բազում խնդիրներ:

Նախարարը խոսեց նաև կրծքով կերակրման խրախուսման կարևորության մասին ու նշեց, որ այս պահին պետությունը բավարար միջոցներ չի կիրառում դրա համար։

«Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կրծքով կերակրումը երեխայի առողջության պաշար է, և որևէ այլ սնունդ չի կարող փոխարինել մայրական կաթին»,– ասաց նա։ Նախարարի խոսքով՝ եթե տարիներ առաջ արշավային լավ ծրագիր կար, որն ուղղված էր դրան, ապա այսօր այդ միջոցները սպառվել են ու այն դադարել է: