Սուդանի հայկական եկեղեցին և հայկական համայնքն անվտանգային խնդիր դեռ չունեն. ՀԱԵ Եգիպտոսի թեմի առաջնորդ

Սուդանում ռազմական գործողությունները հիմնականում ընթանում են մայրաքաղաք Խարթումի ծայրամասում՝ օդանավակայանի հարևանությամբ, ինչը մոտ 2 կմ հեռավորության վրա է Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի (Եթովպիա, Սուդան, Հարավային Աֆրիկա) հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը։

Նա պատմել է, որ կրակոցների ձայները եկեղեցուց շատ լսելի են լինում, բայց այս պահի դրությամբ եկեղեցուն և հայկական համայնքին վտանգ չի սպառնում, եկեղեցին չի վնասվել։ «Ներքին քաղաքական կյանքի մասին մանրամասներ չունենք, բայց եթե բախումները վերաճեն քաղաքացիական պատերազմի, արդեն առաջնորդարանի և Հայաստանի գերատեսչությունների միջոցով անհրաժեշտ կլինի օգնել հայկական համայնքին»,-նշել է Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը։

Սուդանի հայկական համայնքը բաղկացած է մոտ 20 հայից։ Կան նաև աշխատանքի բերումով ժամանակավորապես Սուդանում տեղափոխված հայեր։

Եկեղեցին իրենց հետ կապի մեջ է, այս պահին անվտանգային, կյանքին սպառնացող խնդիր չկա, ապաստարաններ տեղափոխվելու անհրաժեշտություն՝ ևս․  հավաստիացրել է հայոց թեմի առաջնորդը, նշելով, որ միայն կենցաղային խնդիրներ են առաջացել բախումների հետևանքով, որոշ հատվածներ զրկված են լույսից և ջրից։

Հիշեցնենք, որ Սուդանում ապրիլի 15-ին մարտեր են սկսվել արագ արձագանքման ուժերի և  կանոնավոր բանակի միջև։ Արագ արձագանքման ուժերը հայտարարել են, որ վերահսկողություն են սահմանել Հարթումում Հանրապետության պալատի (նախագահական պալատ), մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի, ինչպես նաև Մերոեի օդային բազայի նկատմամբ։ Արագ արձագանքման ուժերը կանոնավոր բանակին մեղադրել են մայրաքաղաքում իրենց բազայի վրա հարձակվելու մեջ։ Բանակը հայտարարել է, որ այդ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, և բոլոր ռազմավարական օբյեկտները, այդ թվում՝ նախագահական պալատը, վերահսկում են զինված ուժերը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ ռազմական գործողությունների մեկնարկից չորս օրվա ընթացքում առնվազն 185 մարդ է զոհվել, 1800-ը՝ վիրավորվել: