Իրանական ԱԹՍ-ները և Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը

Իրանցի փորձագետ Փույա Հոսեինին գրել է․

«Վերջին իրադարձություններում Հայաստանի ու Ադրբեջանի բախման ենթատեքստում, ադրբեջանական լրատվամիջոցները և որոշ պաշտոնական շրջանակներ աղմուկ բարձրացրեցին, որ Հայաստանը վերջին իրադարձություններում Ադրբեջանի դեմ օգտագործել է իրանական ԱԹՍ-ներ։ Գիտակցելով, որ Հայաստանի բանակի` իրանական ԱԹՍ-ներով զինված լինելը որքան կործանարար կարող է լինել ադրբեջանական բանակի համար, Ադրբեջանը նախապես, նմանօրինակ քարոզչությամբ ուզում է տաբու սարքել Հայաստանի և Իրանի ռազմական համագործակցությունը` Հայաստանում, Իրանում և միջազգային ասպարեզում։ Մյուս նպատակը այն է, որ օգտագործելով Իրանի և արևմուտքի միջև խնդիրները, արևմուտքի վերաբերմունքը Իրանի դեմ, Ադրբեջանի խեղճուկրակի և զոհի կարգավիճակը` Արևմուտքից կարողանա առավելագույն անվտանգային ռազմական և ֆինանսական աջակցություններ ստանալ։ Ամերիկյան վերջին աջակցությունը Ադրբեջանին` իր սահմանները Իրանից իբր պաշտպանելու նպատակով, հենց այդ ենթատեքստում է։

Ադրբեջանը ուզում է բացառել Հայաստանի և Իրանի ռազմական և անվտանգային համագործակցությունը` արևմուտքի ձեռքով։ Որովհետև լավ հասկանում է, որ նման համագործակցությունը Հայաստանի ռազմական, անվտանգային ուժերի հնարավորությունները մի քանի անգամ կմեծացնի այնքանով, որ Ադրբեջանի և Հայաստանի ռազմական ուժի խախտված բալանսը կվերականգնի, և այսուհետև Հայաստանի հետ ուժի դիրքերից խոսելու հնարավորությունը կբացառի։

Հայաստանն էլ հերքելով այս տարածված դեզինֆորմացիան, հայտնեց, որ Հայաստանի զինապահեստներում իրանական ԱԹՍ֊ներ չկան, և բացատրեց Ադրբեջանի նպատակը, այն է` ուշադրությունը կենտրոնացնել արևմուտքի համար այդ զգայուն հարցի վրա։

Այս հարցում պաշտոնական Բաքվի և Երևանի դիրքորոշումը որոշ չափով համընկել է. Արևմուտքից աջակցություն ստանալու ակնկալիքով կամ հնարավոր աջակցությունից չզրկվելու համար` բացառել Հայաստան֊Իրան ռազմական և անվտանգային համագործակցությունը։ Այս հարցում Ադրբեջանի քարոզչական գրոհը` երկու սցենարով հաղթող դուրս կգար։ Առաջին սցենարը այն էր, որ նման աղմուկ բարձրացնելուց հետո, պաշտոնական Երևանի չհերքելու դեպքում, փորձել շահել Արևմուտքի վերաբերմունքը` ի օգուտ իրեն։ Երկրորդ սցենարը. Հայաստանի հերքումով նախադեպ ստեղծել և տաբու դնել Հայաստան֊Իրան հետագա հնարավոր ռազմական ֊անվտանգային համագործակցության վրա։

Տարածաշրջանի ներկայիս իրավիճակում, 2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծած պատերազմից հետո, երբ աշխարհի ուժային կենտրոնների ուշադրությունը ավելի է մեծացել, շահերը և հակասությունները ավելի են խորացել Անդրկովկասում` ստեղծված իրավիճակում իրական խաղաղություն հաստատելու նպատակով երկու ձևաչափ գոյություն ունի` քաղաքական և ռազմական ուժերի բալանսավորման։

Քաղաքական ճանապարհով խաղաղության հասնելու համար, միջազգային հանրությունը պետք է կտրուկ, խիստ վերաբերմունք ցուցաբերի ագրեսոր Ադրբեջանի հանդեպ, և տարբեր պատժամիջոցներով ազդեցիկ ճնշում գործադրի։ Կամ` գործի դնի ռազմական բալանսավորման սկզբունքը. Հայաստանին ռազմական օժանդակություն ցուցաբերի այնքանով, որ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ուժերը հավասարվեն, ու Ադրբեջանը չկարողանա հույս ունենալ ռազմական ճանապարհով հարցեր լուծի։

Հիմա Անդրկովկասում իրական խաղաղության հասնելու գործընթացը կախված է հետևյալ հարցերից. քաղաքական ճանապարհով ո՛ր երկրները պետք է պատժամիջոցներ դնեն ու մեծ ճնշումներ գործադրեն Ադրբեջանի վրա, և ո՛ր երկրները պետք է Հայաստանի ռազմական-անվտանգային ներուժը մեծացնեն»։