Իրանը հայտարարել է Սաուդյան Արաբիայի հետ պաշտոնական հարաբերություններն ակտիվացնելու մասին

Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները երեկ՝ ապրիլի 6-ին հանդիպում և դրական զրույց են ունեցել Պեկինում, լրագրողներին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քանանին՝ հայտարարելով Թեհրանի և Էր Ռիադի միջև պաշտոնական հարաբերությունների ակտիվացման մասին, տեղեկացրել է Mehr-ը։

Բարձրաստիճան իրանցի դիվանագետն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության կարևորությունը։

Երկու երկրների՝ երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում ընդլայնելու քաղաքական կամքի շրջանակում նրանք ընդգծել են, որ պատրաստ են իրականացնել գոյություն ունեցող բազային համաձայնագրերը երկու երկրների միջև, ներառյալ երկկողմ համագործակցության մասին համապարփակ համաձայնագիրը և անվտանգության մասին համաձայնագիրը, և այդ հիման վրա որոշվել է աստիճանաբար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, շարունակել է նա։

Քանանին նաև նշել է, որ հարաբերությունների ընդլայնումը տնտեսական ոլորտում, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում, քննարկման թեմաներից մեկն է եղել։

Նա ավելացրել է, որ երկու երկրների կառավարական և մասնավոր պատվիրակությունները հանդիպում կունենան, որպեսզի առևտրային և տնտեսական համագործակցությունն ընդլայնելու, ինչպես նաև համատեղ ներդրումների զարգացման հնարավորություններ ընձեռվեն։

Կողմերը նաև պայմանավորվել են ստեղծել ավիագծեր՝ երկու երկրների միջև ավիահաղորդակցությունը դյուրինացնելու համար, նշել է նա։

Քանանիի խոսքով՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է վիզաների տրամադրման և վիզային ծառայությունների մատուցման կարգը հեշտացնելու կարևորությունը երկու երկրների քաղաքացիների համար։

«Մենք դարձել ենք երկու երկրների միջև բարենպաստ և դրական բանակցությունների վկաները, և կարող ենք ասել, որ այսօր պաշտոնական հարաբերությունները երկու երկրների միջև ակտիվացվել են, և այս առնչությամբ մենք աստիճանաբար կդառնանք կառավարական և մասնավոր մակարդակներում տարբեր պատվիրակությունների փոխանակումների վկաները»,- ընդգծել է բարձրաստիճան դիվանագետը։

Հինգշաբթի Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը սաուդցի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո Չինաստանի մայրաքաղաքում ընթացած բանակցություններն անվանել է դրական։