Ոստիկանությունը շրջափակել է Նյու Յորքի Հինգերորդ պողոտայում գտնվող Trump Tower երկնաքերը, որտեղ ժամանելու է Դոնալդ Թրամփը

Ոստիկանությունը շրջափակել է Նյու Յորքի Հինգերորդ պողոտայում գտնվող Trump Tower երկնաքերը, որտեղ այսօր սպասվում է Դոնալդ Թրամփի ժամանումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Շենքի շրջակայքում տեղադրվել են մետաղական պարիսպներ։ Թրամփի կողմնակիցների ոչ մեծ խումբը պաստառներ է պարզել՝ ի պաշտպանություն Թրամփի: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նյու Յորքի երդվյալ ատենակալները քվեարկել են Թրամփին մեղադրանք առաջադրելու օգտին։ CNN-ի աղբյուրների համաձայն՝ Մանհեթենի դատախազությունը ԱՄՆ նախկին նախագահին մեղադրում է ավելի քան 30 բիզնես խարդախության մեջ։

Պաշտոնապես մեղադրանքի մասին կհայտարարվի միայն այն ժամանակ, երբ Թրամփը հայտնվի դատարանում, սակայն ենթադրվում է, որ դա պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի հետ կապված դատական գործն է: Թրամփը նախկինում հերքել է ինչպես Դենիելսի հետ կապը, այնպես էլ իր կողմից որևէ անօրինական գործողություն կատարելը։ Թրամփը նաև ասել է, որ հետապնդումները զուտ քաղաքական են, և կապված են 2024 թվականին նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության հետ։ Մեկնաբանելով Մանհեթենի շրջանային դատախազության կողմից իր դեմ ուղղված մեղադրանքները՝ Թրամփը նշել է, որ չի կարող հույս դնել Նյու Յորքում արդար դատավարության վրա։