Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր

Երկօրյա այցով Սյունիք է ժամանել Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակությունը՝ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի գլխավորությամբ։ Սյունիքի մարզպետարնի տեղեկացմամբ, Սյունիքի դարպասների մոտ բարձրաստիճան հյուրերին ու պատվիրակության անդամներին դիմավորել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, Սյունիքի համայնքների ղեկավարների, մարզային իշխանության ներկայացուցիչների հետ։ Պատվիրակության կազմում են նաև Գորիսի քույր քաղաք Վիենի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, Ֆրանսիայում հայկական ասոցիացիաների ներկայացուցիչներ։

Տաթևի վանական համալիրում ստորագրվել է համագործակցության համաձայնագիր Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև։
Համաձայնագրով նախատեսվում է զարգացնել երկկողմ համագործակցությունը՝ հիմնված բարեկամության, արդարության և փոխադարձ շահերի սկզբունքների վրա։
Համագործակցության ոլորտի առաջնահերթություններն են՝ բուժօգնության հասանելիություն, տնտեսական զարգացում՝ մասնավորապես գյուղատնտեսության, մասնագիտական կրթություն՝ հիմնականում երիտասարդների համար, զբոսաշրջության խթանում, ֆրանկոֆոնիայի խթանում։