Ինչո՞ւ Քաշաթաղից տեղահանված արցախցիները չեն կարողանում Կառավարության տրամադրած սերտիֆիկատներով բնակարաններ գնել․ բողոքի ակցիա

44-օրյա պատերազմից հետո Քաշաթաղից տեղահանված արցախցիները Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել․ նրանք դժգոհում են, որ չեն կարողանում Կառավարության կողմից տրամադրված սերտիֆիկատներով բնակարաններ գնել, բանկերով չեն կարողանում գործարք անել, բնակարանների գները ցածր են գնահատվում։

«Բանկերն ինձ հետ գործարք չեն անում, որովհետև սև ցուցակում եմ հայտնվել,- նշեց Քաշաթաղից տեղահանված արցախցի տղամարդը։

Նրա համար անհասկանալի է, որ եթե պետությունը բնակարան գնելու համար սերտիֆիկատ է տրամադրում տեղահանվածին, ապա ինչ կապ ունի տեղահանվածի աշխատանք ունենալ-չունենալը, վարկ ունենալ-չունենալը, 53 տարեկան լրացած լինել-չլինելը։

«Եթե բանկին վճարում է պետությունը, ապա սա ի՞նչ կապ ունի, բանկը չի՞ վստահում այն պետությանը, որն իրեն աշխատելու լիցենզիա է տվել, ինչի՞ է ինձ հետ պայմանագիր կապում, բայց հաշվի առնում վարկային պատմությունը, եկամուտները ստուգում, այսինքն՝ խոչընդոտներ են ստեղծվել և մարդը չի կարողանում բնակարան գնել, որի համար գումար է հատկացնում Կառավարությունը»,– նշեց տղամարդը։

Նա Կառավարությունից պահանջում է, որ այդ խոչընդոտները վերացվեն, և իրենք կարողանան սերտիֆիկատով բնակարաններ գնել։