Առաջիկայում երկու փուլով կգնանք ԿԳՄՍ նախարարության կառուցվածքային փոփոխությունների. ԿԳՄՍ նախարար

Առաջիկայում երկու փուլով կգնանք ԿԳՄՍ նախարարության կառուցվածքային փոփոխությունների: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Առաջին փուլով կգնանք ֆունկցիոնալ բաշխումների, երկրորդ փուլում փոփոխություններն ուղղված կլինեն ավելի շատ բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող կառուցվածքային փոփոխություններին, մասնավորապես, բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ձևավորմանը»,-ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում ակտիվորեն թափուր տեղերն են համալրելու, որովհետև նախարարությունում բավականին մեծ թվով թափուր տեղեր կան, այս պահին էլ բազմաթիվ մրցույթներ կան հայտարարված:

«Հանրակրթության ոլորտում ամբողջացրել ենք հանրակրթության կառավարման գործընթացի նախապատրաստման իրավական ողջ փաթեթը, հաստատվել են բոլոր անհրաժեշտ կարգերը, կանոնադրությունները:

2023-ի սեպտեմբերից բոլոր դպրոցներում փուլային ձևաչափով կսկսվի ներդրվել հանրակրթության նոր չափորոշիչը: Մասնավորապես, աշխատանքի մեթոդաբանություն ենք հստակեցրել, մենթոր դպրոցներ են առանձնացված ամբողջ հանրապետությունում՝ 53 դպրոց: Այս դպրոցներին կցված են տվյալ տարածքի մյուս դպրոցները: Այս միջոցով վերապատրաստումներ ենք իրականացնելու սեպտեմբերին ընդառաջ, որ դպրոցները պատրաստ լինեն նոր չափորոշիչներին:

Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը բարելավել ենք, այժմ հնարավորություն կունենան այդ գործընթացին մասնակցել նաև այն մարդիկ, որոնք բավարարում ուսուցչի պահանջներին, բայց չեն աշխատում դպրոցներում: Մարտի 27-ից արդեն դիմումների ընդունումը կսկսվի: Երկու ամիս մարդիկ ժամանակ կունենան դիմելու:

Մենք ունենք նաև արտադպրոցական հաստատությունների աշխատակիցների ատեստավորման գործընթաց: Մինչև ապրիլի 9-ը մարդիկ կարող են դիմումներ ներկայացնել: Մենք մարտի 9-ից ընդունում ենք նաև նախադպրոցական հաստատությունների մանկավարժների դիմումները՝ տարակարգի ստացման համար, որը 30-50 տոկոս հավելավճարի հնարավորություն է տալիս այս ոլորտի աշխատակիցներին»,- ասաց ԿԳՄՍ նախարարը: