ՄԱԿ հանձնաժողովը Ուկրաինայում ցեղասպանության ապացույց չի գտել

ՄԱԿ միջազգային հանձնաժողովը պարզել է, որ Ռուսաստանը ռազմական հանցագործություններ է կատարել Ուկրաինայում, սակայն գործողությունները չի որակել որպես «ցեղասպանություն»։ Զեկույցում բերված են քաղաքացիական անձանց սպանությունների, խոշտանգումների և բռնաբարությունների օրինակներ։

«Եվրանյուզի» հաղորդմամբ, հետազոտության հեղինակները նշել են, որ չկա ուղղակի ապացույց, որ նրանք դրդված են եղել ցեղասպանության մտադրությամբ։
«Մենք չենք հայտնաբերել, որ Ուկրաինայի տարածքում ցեղասպանություն է տեղի ունեցել: Մենք, իհարկե, մշտադիտարկում ենք այս ոլորտում բոլոր տեսակի ապացույցները և նշել ենք, որ կան որոշ ասպեկտներ, որոնք կարող են հարցեր առաջացնել այս հանցագործության հետ կապված, օրինակ՝ ռուսական լրատվամիջոցների որոշ հայտարարություններ, որոնք ուղղված են որոշակի խմբերի դեմ»,- ասել է ՄԱԿ-ի հետաքննող խմբի ղեկավար Էրիկ Մեսեն։

«Եվրանյուզը» գրում է, որ Ռուսաստանի իշխանությունների կողմից Ուկրաինայից երեխաների անօրինական տեղափոխումը, հանձնաժողովի փորձագետների կարծիքով, «ռազմական հանցագործություն» է։