Նիկոլի «կրիստալ» պարեկները և ոստիկանները գնալով լկտի ու սանձարձակ են դառնում

Ահա սա՛ է Նիկոլի Հայաստանը՝ ոստիկանական բռնապետությունը

 

Ինչպես Նիկոլը և, ընդհանրապես, Նիկոլի իշխանությունը երկրում տիրող ժամանակավոր անպատժելիության մթնոլորտում թույլ են տալիս իրենց գրեթե ամեն ինչ, իշխանավորներից ոմանց կողմից նաև՝ քաղաքացիների՝ Հայաստանի Սահմանադրությամբ սահմանված, պաշտպանված իրավունքների, ազատությունների կոպտագույն խախտումներ ու Քրեական օրենսգրով նախատեսված հանցանքներ, այնպես էլ այդ նույն իշխանության մաս կազմող շատ պարեկներ:

Ի դեպ, դժվարանում եմ նրանց Հայաստանի կամ Հայաստանի ոստիկանության պարեկներ համարել, անվանում եմ Նիկոլի պարեկներ. կասկած չունեմ, որ պարեկային ծառայության ստեղծման գաղափարի, նախաձեռնության ետևում հենց Նիկոլն է կանգնած: Եվ մի բան էլ հիշեմ՝ համեմատաբար վերջերս Գյումրիից տաքսով վերադառնալիս ուղևորներից մեկի պատմածը, թե Գյումրիում «պարեկ» բառն այլևս որպես հայհոյանք է ընկալվում շատ մարդկանց կողմից, չեն ասում՝ ծո, խո դու գ… չես, ասում են՝ ծո, խո դու պարեկ չե՞ս…

Ում ասես, թերևս չնչին բացառությամբ, պարեկ և ոստիկան են ընդունել ՀՀՇ-ի իշխանության տարիներին գործող սկզբունքով՝ մերը լինի, թեկուզ պոլի փետ լինի: Շատ պարեկներ, ոստիկաններ իրենց պարտականությունների և լիազորությունների սահմանները չգիտեն, քաղաքացիների սահմանադրական իրավունքներից, ազատություններից, իրավակարգից պատկերացում չունեն, ոչ վարվեցողության կանոններին են տիրապետում, ոչ էլ օրենք գիտեն, նույնիսկ կարգին կրթություն չունեն: Այն տպավորությունն է, որ շատ դեպքերում փողոցից պատահական մարդկանց (ոմանց պարագայում, ինչպես ընդունված է ասել նման դեպքերում, «բռի չոբանների») պարեկ և ոստիկան են դարձրել, իսկ այդպիսին դառնալու միակ նախապայմանը եղել է Նիկոլին ու նրա իշխանությանը «պրիզնատ գալը» կամ հավատարմության երդում տալը:

Օրերս ոչ թե զարմանքով, այլ առանց զարմանքի իմացանք, որ Քննչական կոմիտեն Արագածոտնի մարզում ձերբակալել է պարեկի, որը զբաղված է եղել թմրանյութերի վաճառքով։ Կասկած չունեմ, որ նա ձերբակալման ենթակա պարեկներից ընդամենը մեկն է՝ սոսկ բացահայտվածը (իսկ քանի՞ չբացահայտվածները կան…), չափն անցածը կամ էլ… մի տեղ, մի ոչ բարեկամ շրջապատում Նիկոլին հայհոյածը: Ըստ Irakanum.am -ի տեղեկությունների, պարեկը ձերբակալվել է «կրիստալ» տեսակի թմրանյութ վաճառելու գործով։

Ճիշտ նույն օրը՝ մարտի 14-ին, սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ներում մի այլ տեղեկություն՝ տեսաձայնագրություն  հայտնվեց, այս դեպքում արդեն՝ մի խումբ ոստիկանների կամայական, օրինազանց, քաղաքացու իրավունքները, ազատություններն ապօրինաբար ոտնահարող և արժանապատվությունը վիրավորող լկտի վերաբերմունքը պատկերող:

Տեսաձայնագրությունից պարզ է դառնում, որ այգում հանգստանալու և անգլերեն պարապելու նպատակով նստարանին նստած, որևէ հանցանք կամ զանցանք չկատարած, դրանում չկասկածվող, կասկածելի վարք չդրսևորած, նույնիսկ հարբած կամ թմրանյութի ազդեցության տակ գտնվող մարդու տպավորություն չթողնող  երիտասարդ կնոջը մոտեցած մի խումբ ոստիկաններ ակնհատորեն չարաշահելով իրենց լիազորությունները կամ պաշտոնեական լիազորությունների սահմանազանցում թույլ տալով, նրանից պահանջում են դատարկել իր պայուսակի, հետո՝ բոլոր գրպանների պարունակությունը: Այսինքն՝ առանց մեղադրանք առաջադրելու կամ ներկայացնելու, ընդհանրապես, բացարձակապես անհիմն կերպով ու կնոջ կամքին հակառակ, նրա նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելով, նաև իրենց ձայնը բարձրացնելով, սթրեսի, ըստ էության, հոգեբանական բռնության ենթարկելով, իրականացրել են ապօրինի խուզարկություն:

Կին ոստիկաններից մեկը, ի պատասխան երիտասարդ կնոջ հարցի, անամոթաբար պատճառաբանում է, թե խուզարկությունը նրա անվտանգությունից է բխում, որովհետև հիմա հանցավորության թիվը շատացել է և իրենք բոլորին ստուգում են:

Նախ, եթե հանցավորության թիվը շատացել է, դա ոստիկանների և ոստիկանության խայտառակ վատ աշխատանքի արդյունքն է, մեկ էլ՝ Նիկոլի ու նրա ենթակաների կատարած կադրային սխալ նշանակումների և այն պայմանների ստեղծման, որի հետևանքով ոստիկանության և դատախազության համակարգերից, ԱԱԾ-ից, Քննչական կոմիտեից հսկայական թվով պրոֆեսիոնալներ հեռացել են: Խուզարկված քաղաքացին և, ընդհանրապես, քաղաքացիները հանցավորության մակարդակի բարձրացման համար մեղավոր չեն և իրենց իրավունքների, ազատությունների ապօրինի սահմանափակմամբ չպետք է հատուցեն իրավապահ համակարգի վատ աշխատանքի դիմաց:

Երկրորդ. ոստիկանը ղալաթ է արել, գլուխը պատին է տվել, պատն էլ՝ գլխովը, թե հիմա իրենք բոլորին ստուգում են, այսինքն՝ բոլորին ստուգելու իրավունք ունեն: Ծառայության ընդունվելուց առաջ թող բարի լիներ «Ոստիկանության մասին» օրենքը կարդալ: Ի դեպ, խուզարկությանը մասնակցած ոստիկաններից մեկն էլ դեռ ներկայանում է ոստիկանության մայոր: Շնորհակալություն. հիմա հասարակությունն արդեն կարող է լիարժեք պատկերացում կազմել, թե Նիկոլի ոստիկանությունում նույնիսկ ովքեր կարող են մայորի ծառայական աստիճան ունենալ:

Երիտասարդ կինը փորձում է իր իրավունքները պաշտպանել, ոստիկաններից համապատասխան պարզաբանում ստանալ, դրա փոխարեն ոստիկաններից մեկից լսում է՝ «Կլինի՞ մամուլի ասուլիսը հետո տանք էլի, հիմա պայուսակը բացեք…»: Այսինքն՝ քաղաքացու կողմից իրեն խուզարկելու վերաբերյալ ներկայացված օրինական պահանջը և ոստիկանների՝ պարզաբանում տալու պարտականությունը մամուլի ասուլիս տա՞լ են… Օրինազանց տվյալ ոստիկանները մամուլի ասուլիսը դեռ կտեսնեն, իսկ հիմա, իրենց ղեկավարության հետ միասին, թող այն վայելեն այս կերպ…

Ոստիկանի պաշտոնը զբաղեցնողները երիտասարդ կնոջ պայուսակում և գրպաններում անօրինական ոչինչ չգտնելով, ի վերջո, հեռացան, բայց մի ծանր նստվածք մնաց այդ կնոջ և տեսանյութը դիտածներից թերևս բոլորիս սրտում: Ահա սա՛ է Նիկոլի Հայաստանը՝ ոստիկանական բռնապետությունը: Ո՞վ էր պատասխան տալու, եթե այդ երիտասարդ կինը սթրեսի հետևանքով դրանից հետո ինֆարկտ ստանար…

Ո՞վ էր պատասխան տալու, եթե նա նշանած կամ իր հետ ամուսնանալու մտադրություն ունեցող տղամարդ ունենար, տվյալ անձի շրջապատից մեկն այդ պահին պատահականորեն անցներ խուզարկվող աղջկա մոտով, չիմանալով, որ խուզարկումն առանց որևէ պատճառի է կատարվում, գնար, զուտ այդ փաստի մասին պատմեր տղային, նա էլ ինչ-որ բան կասկածեր, հիասթափվեր, հրաժարվեր նրա հետ ամուսնանալու մտքից… Նիկոլի ոստիկանությունում գոնե հասկանո՞ւմ են, որ մարդկանց ճակատագրերի հետ գործ ունեն…

Ո՞վ էր պատասխան տալու, եթե տղամարդ ոստիկանի ներկայությամբ խուզարկվող կնոջ պայուսակում, ասենք, ներքնաշոր կամ անձնական հիգիենայի իր լիներ, ավելին չասենք… Ընդգծենք, որ տղամարդ ոստիկանի մոտենալուց հետո կին ոստիկանների կողմից երիտասարդ կնոջ անձնական խուզարկությունը չի դադարեցվել:

Ոստիկանությունում պետք է ծառայողական քննություն նշանակվի, երիտասարդ կնոջը խուզարկած կին ոստիկանները պետք է, օրենքի տառին և ոգուն համապատասխան, խստագույն պատասխանատվության ենթարկվեն, և կենթարկվեն, եթե, իհարկե, Հայաստանի ոստիկանությունում, Գլխավոր դատախազությունում, Քննչական կոմիտեում չկա համակարգային կոռուպցիա:

Ծանոթագրություն. հրապարակումը չի վերաբերվում լուսանկարում պատկերված օրիորդին, բայց Նիկոլին վերաբերվում է…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան