ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը Բաքվում է

Մեկնարկել է Հարավային Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Լուիս Բոնոյի պաշտոնական առաջին այցը տարածաշրջան։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության համաձայն, Լուի Բոնոն այսօր՝ մարտի 6-ին, ժամանել է Բաքու:

Նախատեսվում է, որ ամերիկացի դիվանագետը կհանդիպի Իլհամ Ալիևի  ու այլ պաշտոնյաների հետ։

Այցը տարածաշրջանային է. ամերիկացի դիվանագետը կլինի նաև Հայաստանում ու Վրաստանում։

«Պարոն Բոնոն Բաքվում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով։ Վրաստանում նա կանդրադառնա Ռուսաստանի կողմից ինքնիշխան Վրաստանի տարածքի շարունակական օկուպացմանը։ Պարոն Բոնոն կընդգծի ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղ գործընթացի նոր կենտրոնացմանը, այդ թվում՝ ուղիղ զրույցի միջոցով»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ: