Մտահոգություններ են առաջացել շրջափակման հետևանքները հաղթահարելու հետ կապված խնդիրներից․ Արցախի պետնախարար
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 2-ին, ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի հետ միասին հանդիպել է գործարար հատվածի մի խումբ ներկայացուցիչների հետ: Պետական նախարարը վստահեցրել է, որ բավականին կառուցողական և գործնական հարաբերությունների կողմնակից է և պատրաստակամ քննարկելու մտահոգող ամենատարբեր հարցեր:
«Երեկ և այսօր ամբողջությամբ օգտագործել եմ Արցախի շրջափակման պայմաններում ստեղծված տնտեսական և նաև շրջափակման հետևանքները հաղթահարելու հետ կապված խնդիրները ուսումնասիրելու վրա: Այդ ընթացքում բազմաթիվ խնդիրներ և մտահոգություններ են առաջացել ինձ մոտ։ Ուզում էի, որպես առաջնային շահառուներ և խնդիրների մասին ամենախորը տեղեկացված տնտեսվարող սուբյեկտներ՝ ձեզանից տեղեկություններ հավաքագրել, որպեսզի ամենակարճ ժամկետում հնարավոր լինի մաքսիմալ օպտիմալ թե արագության, թե աշխատանքների կազմակերպման իմաստով ամենաճիշտ, ամենաօբյեկտիվ մոտեցումները և տարբերակներն ընտրել»,– ասել է Գուրգեն Ներսիյանը։
Գործարարները ներկայացրել են իրենց դիտարկումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը գոհունակություն է հայտնել «Արցախի գործարարների միություն» հասարակական կազմակերպության հիմնադրման կապակցությամբ և կարևորել բիզնես միջավայրը համախմբող միավորի ստեղծումը։
Այդ միության գոյությունը թույլ կտա առավել ուղիղ շփում ունենալ գործարարների հետ՝ ունենալով ձեռնարկատիրությանը վերաբերող կառավարության ակտերի նախագծերը նաև այդ շրջանակում նախապես քննարկելու հարթակ։
Բանավոր հարցերին պատասխանելուց զատ պետական նախարարը առաջարկել է նաև գրավոր առաջարկներ փոխանցել՝ պարտավորվելով դրանք ամենակարճ ժամկետում քննարկման ընդունել։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմման նպատակով ներդրված աջակցության ծրագրերի հետ կապված հարցեր: