Հունաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի

Հունաստանում բեռնատար և ուղևորատար գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 32-ի, հիվանդանոցներ են տեղափոխել 85 տուժածի, հայտնել են Հունաստանի հրշեջ ծառայությունից։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, գնացքները բախվել են Լարիսա քաղաքից ոչ հեռու գտնվող Տեմպե քաղաքում։ Պատահարը տեղի է ունեցել կեսգիշերին՝ դեռևս չպարզված հանգամանքներում, Աթենքից ավելի քան 200 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Էվանգելիզմոս կայարանում: Բախումից հետո հրդեհ է բռնկվել, երեք վագոն դուրս է եկել ռելսերից։

Պատահարի վայրում աշխատում է 150 հրշեջ, տեղում գտնվում է շտապօգնության 40 մեքենա:

Վիրավորներին տեղափոխում են Լարիսայի համալսարանական հիվանդանոց, շտապ կարգով բացվել են Լարիսայի ընդհանուր հիվանդանոցն ու Կատերինիի հիվանդանոցը: Աթենքի և Սալոնիկի զինվորական հոսպիտալները պատրաստության են բերվել անհրաժեշտության դեպքում վիրավորներին ընդունելու համար։

Հայտնել են, որ գնացքում եղել է 350 մարդ։ Նախնական տվյալներով՝ Աթենք-Սալոնիկ ուղևորատար գնացքը մեկնել է ժամը 19:22-ին:

Hellenic Train ընկերության կայքը երեքշաբթի տեղեկացրել է գնացքների շարժի մշտական ուշացումների մասին։ Մասնավորապես, Աթենք-Սալոնիկ գնացքը մեկնել է 48 րոպե ուշացումով։ Սալոնիկից Աթենք գնացքը ուշացել է 70 րոպեով։