Տարածաշրջանը՝ ակտիվ դիրքային վերաբանաձևումների նախաշեմին

Տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային շարունակական կերպով խորացող լարվածության ֆոնին տարածաշրջանում ընթանում են ակտիվ դիվանագիտական բանակցություններ։ Տպավորություն է՝ ինչ-որ նոր նախաձեռնության կամ դիրքավորման ընդառաջ՝ «սլաքները ճշգրտելուն» միտված քայլեր են իրականցվում։

Ընդամենը մի քանի օրվա ընթացքում տեղի են ունենում Ադրբեջան-Թուրքիա, Ռուսաստան-Ադրբեջան, նախատեսվում են Իրան-Ռուսաստան, Հայաստան-Իրան, Հայաստան-Գերմանիա/ԵՄ բարձր մակարդակի այցելություններ/բանակցություններ։

Միանշանակ է, որ ընթացող բանակցություն-քննարկումներում առանցքային տեղ ունի տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը, որը որոշակիորեն խախտվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործարկմամբ։

Այս համատեքստում արտատարածաշրջանային դերակատարների քաղաքական ակտիվությանը դեմ տարածաշրջանային առանցքային խաղացողների համար օրակարգային խնդիր է երկկողմ կամ բազմակողմ ձևաչափերի նախաձեռմամբ կանխել Արևմուտքի հետագա ակտիվացման փորձերը։ Մինչդեռ առավել միասնական քաղաքական դիրքավորմանը խոչընդոտում է տարածաշրջանում առկա ոչ միանշանակ հարաբերությունների իրողությունը՝ Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Թուրքիա, Իրան-Ադրբեջան, Իրան-Թուրքիա, Վրաստան-Ռուսաստան։ Ուստի նաև տարածաշրջանում առկա նման մթնոլորտն է նպաստում հավաքական Արևմուտքի հաջող վերադիրքավորմանը։

Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական հիմնական բանաձևումները պահպանելու ամենահավանական նախաձեռնությունն այդպես էլ  լիարժեք «միս ու արյուն» չստացած «3+3» ձևաչափն է։ Կկարողանա՞ն տարածաշրջանային հիմնական դերակատարները, առժամանակ մի կողմ դնելով սեփական տարաձայնությունները, միավորվել արտատարածաշրջանային մրցակիցների դեմ, ժամանակը ցույց կտա։ Այս հարցում զգալի դերակատարում է վերապահված Վրաստանից, բայց հատկապես Հայաստանից։ Քանի որ հենց Երևանի դրական դիրքորոշման արդյունքում դեռևս 2021թ. դեկտեմբերին տրվեց ձևաչափի մեկնարկը։ Մինչդեռ անցած 1 տարվա ընթացքում խորքային փոփոխություններ են արձանագրվել նաև մեր տարածաշրջանում, որն սկզբունորեն ազդել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։

Իսկ «3+3»-ի ձախողման դեպքում ականատես ենք լինելու մի քանի փոքր բանաձևումների միջոցով առանձին տարածաշրջանային շահերի առաջմղման իրողության՝ հետևյալ հիմնական ձևաչափերով՝ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա, Ռուսաստան-Իրան, Թուրքիա-Ադրբեջան, Իրան-Հայաստան»։