Այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է

Այսօր նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի (Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան) ծննդյան օրն է։

Նրա մասին Եղիշե Չարենցն ասել է․ «Տերյանը…. ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար…»:

Վալերի Բրյուսով

Վահան Տերյանը այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, և դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի։ Նրա առաջին իսկ գիրքը՝ ութսուն էջանոց փոքրադիր «Մթնշաղի անուրջները», հռչակեց նրան որպես բանաստեղծ և պատվավոր տեղ ապահովեց հայկական Պառնասում։ Կան գրողներ, որ աշխատում են տասը և ավելի տարիներ, հրատարակում են մի քանի գրքեր և, այնուամենայնիվ, դեռ կոչվում են սկսնակ կամ, զիջողաբար, երիտասարդ գրող։ Դրանք այն մարդիկ են, որ իրենց սևագրություններն անում են հասարակության առաջ՝ հրատարակություններով։

Բոլորովին այլ էր Վահան Տերյանը. նրա հրապարակ իջավ միանգամից որպես վարպետ. այդ գրքից հետո նրան չէին ասում «սկսնակ» կամ զիջողաբար «երիտասարդ գրող», այլ ուղղակի բանաստեղծ, որովհետև նա, իրոք, բանաստեղծ էր «կամոքն Աստծու»:

1885 թվականի փետրվարի 9-ին Ջավախքի Ախալքալաքի գավառի Գանձա գյուղի քահանա Սուքիաս Տեր-Գրիգորյանի բազմանդամ ընտանիքում ծնվում է 11-րդ զավակ Վահանը Տերյանը: 1897թ․ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ․ Վահան Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի հետ։

Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ․, այնուհետև ընդունվում Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը: Դեկտեմբերի 3-ի ուշ գիշերին խուզարկում են Վահանի համեստ բնակարանը: Նրա մոտ գիշերում էր Օնիկ Օհանջանյանը: Թեև ոչինչ չեն գտնում, բայց երկուսին էլ ձերբակալում են: Դեկտեմբերի 13-ին Վահանին ազատում են, ընկերը մնում է բանտում` «իբրև քաղաքականապես վնասակար անձնավորություն»։

1906  թվականին նա գրում է «Էստոնական երգ», «Աշնան երգ», «Սիրտս ցավում է անցած գնացած օրերիս համար», «Աշնան մեղեդի», «Հրաշք աղջկան», «Ցանկություն» եւ այլ բանաստեղծություններ: «Մուրճ» ամսագրի 7, 9, 11-12 համարներում տպագրվում են Վահան Տեր-Գրիգորյանի «Էլեգիա», «Էստոնական երգ», «Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում», «Աշնան երգ» բանաստեղծությունները:

1908թ․ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։

«Մթնշաղի անուրջներ»-ի մասին Ստեփան Զորյանը գրում է. «Վահան Տերյանն այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, և դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի: Նրա առաջին իսկ գիրքը` ութսուն էջանոց «Մթնշաղի անուրջները», հռչակեց նրան որպես բանաստեղծ և պատվավոր տեղ ապահովեց հայկական պառնասում»:

1915 թվականին «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1917թ. հոկտեմբերին Վահան Տերյանն ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։

1919 թվականի նոյեմբերին Սամարայում գրում է իր վերջին բանաստեղծությունը. «Գինով եմ, գինով եմ ես էլ»…

1919 թ. Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920թ․ հունվարի 7-ին։