ԱՄՆ Պետդեպարտամենտը մտահոգված է Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիաչվերթների հնարավոր վերականգնմամբ

Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնումը կվտանգի պատժամիջոցները վրացական ընկերությունների նկատմամբ, որոնք կհամագործակցեն Ռուսաստանի Դաշնության ավիափոխադրողների հետ։ Այս մասին «Ամերիկայի ձայնի» վրացական ծառայությանը հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտից, փոխանցում է jnews.ge-ն:

«Արևմտյան շատ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, արգելում են ռուսական ինքնաթիռների մուտքն իրենց օդային տարածք։ Մենք անհանգստացած կլինենք Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիաթռիչքների վերսկսմամբ՝ հաշվի առնելով, որ վրացական օդանավակայանների ընկերությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների, եթե նրանք շահագործեն ինքնաթիռներ, որոնք ենթակա են ներմուծման և արտահանման լրացուցիչ հսկողության: Ամբողջ արևմտյան հանրությունը զերծ է մնացել այս դաժան ռեժիմից, հիմա Ռուսաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու ժամանակը չէ», – ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Թբիլիսի-Մոսկվա ուղիղ ավիաչվերթները հնարավոր է վերսկսվեն։

«Հուսով եմ, որ մենք շուտով կկարողանանք վերսկսել ուղիղ ավիահաղորդակցությունը (Վրաստանի հետ): Ուրախ եմ, որ Վրաստանի հետ մեր շփումներն ակտիվորեն զարգանում են, անցյալ տարի Վրաստանի ՀՆԱ-ն 10%-ով աճել է՝ զգալի չափով զբոսաշրջության և Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների շնորհիվ», – մամուլի ասուլիսում ասել էր ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Վրաստանի իշխող կուսակցությունն այդ ժամանակ դրական է արձագանքել Լավրովի խոսքերին։
«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ իշխանությունները կողջունեն ավիաչվերթների վերաբերյալ որոշումը, քանի որ դա կթեթևացնի Ռուսաստանում ապրող հայրենակիցների վիճակը: «Վրացական Երազանք»-ի գլխավոր քարտուղարը և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն նույնպես նշել են, որ ոչ մի վատ բան չեն տեսնում օդային հաղորդակցության վերականգնման մեջ, սակայն Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կտրականապես դեմ է արտահայտվել դրան։ Երկրի ղեկավարի խոսքով՝ ինքը, «մեղմ ասած, չի հասկանում կառավարության և իշխող կուսակցության դիրքորոշումը»։

Նշենք նաև, որ 2019 թվականի հուլիսի 8-ին Մոսկվան միակողմանիորեն ընդհատել է Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթները։ Դրան նախորդել էին Թբիլիսիում բողոքի զանգվածային ցույցերը՝ կապված Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ խորհրդարանի նախագահի աթոռին նստելու հետ։ Հետո Կրեմլը հայտարարեց Վրաստանում ռուսաֆոբիայի մասին՝ զգուշացնելով, որ ռուս զբոսաշրջիկների համար այնտեղ գտնվելն անվտանգ չէ։