Ուզում ենք ճշտել, թե կապիկներից որի հրամանն է․ Եռաբլուրում բռնության ենթարկված ծնողները Քննչական կոմիտեի մոտ են

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ հունվարի 20-ին, բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ: Նրանք բողոքում են, որ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում բռնությունների դեպքով քննությունը շատ դանդաղ ընթացք ունի, առերեսումները կասեցվել են։

«Արդեն մեկ ամիս է, որ «Եռաբլուրում» բռնությունների գործով որևէ գործողություն չի իրականացվում, առերեսումներ տեղի չեն ունենում, ուզում ենք ճշտել, թե կապիկներից որի հրամանն է նորից տեղի ունենում»,- լրագրողներին հայտնեց Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը։

Նրա խոսքով, «Եռաբլուրում» զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու գործով 3 առերեսում է եղել ոստիկանների հետ, իսկ վերջին ամսում ոչինչ տեղի չի ունեցել. «Ուզում ենք հասկանալ, թե ում հրամանն է կատարում Քննչական կոմիտեն, Երևի կամ գլխավորի (նկատի ունի վարչապետին-խմբ), կամ իր ձագերից մեկի հրամանը։ Այս գործով նախ պետք է պատժվեն կարմիր բերետավորները, դրանից հետո պետք է պատժվի այն մարդը, ով հրաման է տվել, իսկ վերջում էլ պատկերացնում ենք, որ համար մեկը պետք է պատժվի։ Մենք համոզված ենք, որ ոստիկաններն ինքնուրույն չեն գործել։ Առերեսման ժամանակ ոստիկանները տարբեր անուններ են տվել, իրենց ոչ մի ասածն իրականությանը չի բռնում»,-ասաց նա՝ հավելելով, որ ունեն կասկածներ, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ստացել է հրաման դադարեցնելու այս գործընթացը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Մինչ օրս քրեական վարույթով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: