Հայ-հնդկական հարաբերությունների ռազմավարական չափումը

Հնդկաստանն ու Հայաստանը մեր ժամանակներում ռազմավարական առումով կարևոր են միմյանց համար։ Սակայն, չնայած շահերը համընկնում են, երկկողմ կապերը դեռևս բավական զարգացած չեն, Financial Express-ի համար իր հոդվածում գրում է Պրավեշ Կումար Գուպտան:

«Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Ս. Ջայշանքարը Հայաստան է այցելել 2021 թվականի հոկտեմբերին, որը Հնդկաստանի արտգործնախարարի առաջին այցն է դարձել՝ 1992 թվականին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո։

Երկկողմ համագործակցության մակարդակը բարձրացնելու համար կան որոշ ոլորտներ, որոնք անհապաղ ուշադրություն են պահանջում՝ գյուղատնտեսություն, դեղագործություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ. երեք ուղղություններ, որոնցում Նյու Դելին և Երևանը կարող են ընդլայնել իրենց գործընկերությունը: Երկու երկրների միջև ուղիղ ցամաքային հաղորդակցության բացակայության պատճառով երկկողմ առևտուրը ցածր է իր պոտենցիալից։

Որոշ նկատելի նախաձեռնություններ են ձեռնարկվել առևտրի ցածր ծավալների հետ կապված խնդիրները լուծելու համար։ Սակայն նման միջոցառումների իրականացման հարցում ձգձգում կա, ինչը խոչընդոտում է երկկողմ կապերի զարգացմանը։

Ներկայումս բանակցություններ են ընթանում Նյու Դելիի և Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ազատ առևտրի համաձայնագրի (ԱԱՀ) կնքման շուրջ։ Քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, այս ԱԱՀ-ի կնքումը կնպաստի երկկողմ առևտրի ակտիվացմանը։ Բացի այդ, Հնդկաստանը և Հայաստանը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) մասնակիցներ են։ Այնուամենայնիվ, այս երկու երկրների միջև ավելի սերտ համագործակցություն է անհրաժեշտ՝ INSTC-ին որպես երկու երկրների միջև տրանսպորտային միջոց առաջ մղելու համար:

Ուկրաինական հակամարտությունից հետո փոփոխվող աշխարհաքաղաքական լանդշաֆտը INSTC-ը աշխուժացնելու հնարավորություն է տվել: Քանի որ Ռուսաստանը պնդում է դա, Նյու Դելին և Երևանը նույնպես պետք է ակտիվորեն աջակցեն այս նախագծին։ Սակայն վերը հիշատակված երկկողմ համագործակցության ոլորտները խթանելու համար անհրաժեշտ է պահպանել ամենաբարձր մակարդակով երկկողմ փոխգործակցության հաջորդականությունը:

Հայ-հնդկական հարաբերությունների ռազմավարական չափումը

Հարավային Կովկասի փոփոխվող տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը լուրջ փորձության է ենթարկել հայ-հնդկական հարաբերությունները։ Թուրքիան, լինելով Ադրբեջանի դաշնակից, փորձում է դիրքավորել իրեն որպես տարածաշրջանային առաջնորդ և ուզում է ընդլայնել իր ներկայությունը նաև Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։ Ադրբեջանը որպես մեկնարկային հարթակ է ծառայում Կենտրոնական Ասիա Թուրքիայի էքսպանսիայի համար։ Թուրքիայի և նրա մերձավոր դաշնակից Պակիստանի դիվերսիոն նպատակներին հակազդելը Հնդկաստանի և Հայաստանի շահերի առանցքային համընկնումն է։

Տարածաշրջանային աշխարհաքաղաքական այս փոփոխությունները նաև դրդել են Հնդկաստանին և Հայաստանին ամրապնդել իրենց հարաբերությունները: Կապի, անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը դարձել է նրանց երկկողմ կապերի կարևոր բաղադրիչը։ Պաշտպանական համագործակցությունը մեծ ներուժ ունեցող կրիտիկական ոլորտ է։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած զինված հակամարտությունը երկրին դրդել է զենքի արտահանման պայմանագիր ստորագրել Հնդկաստանի հետ։ Ըստ վերջերս ստորագրած արտահանման համաձայնագրի՝ Նյու Դելին Հայաստանին ռազմական զենք՝ հրթիռներ, ռեակտիվ արկեր և զինամթերք կմատակարարի:

Բացի այդ, առաջին անգամ Հնդկաստանից Հայաստան կարտահանվեն հայրենական հրթիռային բազմափող Pinaka նռնականետեր, հակատանկային հրթիռներ և զինամթերք։

Ավելի վաղ՝ 2020 թվականի մայիսին, Դելին և Երևանը պայմանավորվել էին DRDO-ի կողմից մշակված SWATHI զենքը և թշնամու օբյեկտները՝ ականանետները, արկերը և հրթիռները 50 կմ հեռավորությունից հայտնաբերող 40 միլիոն դոլարի ռադարներ փոխանակել։

Այս ամենը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածությունը շարունակում է սրվել։ Վերջինս ամուր դիվանագիտական և ռազմական կապեր է պահպանում Պակիստանի և Թուրքիայի հետ։

Թուրքիան, Պակիստանը և Ադրբեջանը 2017 թվականին նախարարների եռակողմ համաձայնագիր են ստորագրել՝ պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու և ռազմական օգնության վերաբերյալ երկկողմ համաձայնագրերը ամրապնդելու համար։ Արդյունքում, Հնդկաստանի և Հայաստանի միջև սպառազինության արտահանման վերջերս կնքված համաձայնագիրը ռազմավարական նշանակություն ունի։

Հնդիկ քաղաքական գործիչները մտադիր են ընդլայնել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը Հայաստանի տարածքով՝ Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահար նավահանգիստը և Հնդկական օվկիանոսը Եվրասիային և Ֆինլանդիային (INSTC) միացնելու համար։ Լիարժեք շահագործումից հետո Չաբահարը կդառնա տարածաշրջանի ամենառազմավարական և բանուկ նավահանգիստներից մեկը: INSTC-ը, որը շատերը չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հակակշիռ են համարում, մտահղացվել է 2000 թվականին՝ Հնդկաստանի, Իրանի և Ռուսաստանի կողմից: Այն նաև թույլ կտա հնդիկ և հարավարևելյան Ասիայի այլ արտահանողներին հասնել Իրան և Կենտրոնական Ասիայի այլ երկրներ՝ խուսափելով Պակիստանից և Աֆղանստանից, որտեղ անվտանգության հետ կապված խնդիրները շարունակում են լուրջ խնդիր մնալ:

Եզրափակելով՝ ճիշտ կլինի արձանագրել, որ Հնդկաստանը և Հայաստանը ընդհանուր շահեր ունեն տարբեր ոլորտներում և անվտանգության ոլորտում համագործակցության մեծ ներուժ կա։ Իսկ պաշտպանության մասին երկու երկրների միջև կնքված համաձայնագիրը կարող է դռներ բացել անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման համար:

Հայաստանը նաև հարմար վայր է Հնդկաստանի համար, որպեսզի Հարավային Կովկաս դուրս գա, որտեղ Թուրքիան ձգտում է տարածաշրջանային առաջնորդ դառնալ։ Առևտրի, տնտեսության և կապի ոլորտներից բացի, անվտանգության ոլորտում Հնդկաստանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ փոխգործակցության ներուժ կա։ Սակայն այս ամենը պահանջում է Հնդկաստանի ակտիվ մասնակցությունը և Երևանի պատասխան մոտեցումը։