Արցախում ինը բուժառուներ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից հինգը՝ ծայրահեղ ծանր վիճակում

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 13  երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:

ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։

ԱՀ առողջապահության նախարարություն

Հիշեցնենք, որ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։

Թշնամին կտրել է  Արցախը սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրագիծը, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների։

Թշնամու կողմից Արցախի շրջափակումը շարունակվում է։