«Բացեք հույսի ճանապարհը»․ ուսանողներն ակցիան ավարտեցին ԵՄ գրասենյակի մոտ

Ուսանողներն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, պաստառներով բողոքի երթ էին անցկացնում Երևանի փողոցներով: «Դադարեցրեք մարդկության դեմ ուղղված հանցագործությունը», «Բացեք հույսի ճանապարհը», «Դադարեցրեք նոր ցեղասպանությունը»՝ գրված էր պաստառներին։

Նրանք վանկարկում էին՝ «Ազատություն Բերձորի միջանցքին», «Արցախ, Հայաստան, Սփյուռք»:

«Մեր պահանջագրի առաջին կետը կատարված է, Արցախում արդեն կա գազամատակարարում, պահանջում ենք Հայաստանի ղեկավարությունից, միջազգային կառույցներից ու Ադրբեջանից կատարել նաև մյուս դրույթները»,- նշեցին ակցիայի մասնակիցները։

Անցնելով մի քանի բուհերի մոտով, նրանք կանգ առան տարբեր միջազգային ու պետական կառույցների գրասենյակների մոտ, ակցիան ավարտեցին ԵՄ գրասենյակի մոտ:

«Մենք պնդում ենք, որ ձեր արձագանքը տաք ստեղծված իրավիճակի մասին: Եթե չեք կարողանում խոսել, ուրեմն համր եք: Մենք պահանջում ենք, որ հարյուրհազարավոր արցախցիներ դուրս գան շրջափակումից: Կատարեք մեր պահանջները»,- նշեցին ուսանողները գրասենյակների առջեւ: