Եթե ընդդիմությունը շատ է սիրում Արցախը, թող գնա այնտեղ՝ պաշտպանի․ ՔՊ-ական պատգամավոր

Գնայի հասնեի այնտե՞ղ, այստեղ մենք որոշում ենք կայացնում, ես գնամ հասնեմ այնտե՞ղ. 90-ական թվականներից երեք անգամ գնացել հասել եմ այնտեղ, ես իմ ներդրումը արել եմ այնքան, որ չեք էլ պատկերացնում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշե ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով հարցին, թե որպես իշխանական պատգամավոր ինչո՞ւ չի գնացել Արցախի շրջափակված հատված՝ տեղում իրավիճակը գնահատելու:

Անդրադառնալով ընդդիմության այն առաջարկին, որ անհրաժեշտ է ԱԺ-ում ընդունել հայտարարություն, որով կընդգծվի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Ասլանյանը ասաց․ «Եթե ընդդիմությունը այդքան շատ է սիրում Արցախը, թող գնա էնտեղ, Արցախը պաշտպանի, իշխանությունը անում է իր ձեռքից եկած ամեն ինչ, սա դիվանագիտություն է։

Երբ դու խոսում ես տարածքի մասին, ամբողջ միջազգային հանրությունը քեզ թիկունք չի կանգնում, իսկ երբ խոսում ես ժողովրդի իրավունքներից, դա արդեն ուրիշ է: Մինչև հիմա դուք չեք հասկանում, որ մեր պարտությունը սկսվել է 1994 թվականից, երբ մենք սխալ ձևով գնացինք և սկսեցինք խոսել տարածքի մասին: Փաստացի պարտությունը սկսվել է 1994-ից, երբ Հայաստանը ստորագրել է այդ փաստաթղթի տակ, փոխանակ պահանջեինք, որ միայն Արցախը ստորագրեր։ Երբ Հայաստանը ստորագրեց 1994 թվականի հրադադարի փաստաթղթի տակ, միջազգային հանրությանը հանեց իր դեմ և մեզ կպցրեցին ագրեսորի պիտակ»: