Կառավարությունն աղետի գոտում բնակարանային խնդրի լուծման նոր ծրագրեր է իրականացնում. Տանյա Արզումանյան

2018 թվականի վերջին Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերում սկսված ուսումնասիրությունների արդյունքում գրանցվել է 7,2 հազար ժամանակավոր շարժական տնակ, աշխատանքներ են տարվել դրանցում բնակվող քաղաքացիների վերաբերյալ տվյալների հավաքագրման ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը։

Նա պարզաբանեց, որ այդ մարդկանց համար 0-100 տոկոսանոց աջակցության ծրագրերը կսկսեն իրագործվել 2023 թվականին և կավարտվեն 2027 թվականին։

Նրա խոսքով՝ քանդման ենթակա շարժական տնակների սեփականատերերը կստանան բնակարանների գնման վկայագրեր, եթե նախկինում նման վկայագրեր են ստացել, բայց տարբեր պատճառներով բնակարան ձեռք չեն բերել։ Արզումանյանը վստահեցրեց, որ նմանատիպ աջակցություն կցուցաբերվի այն մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն ծրագրերին մասնակցելու համար գրանցվելու հետ, ինչպես նաև քանդման ենթակա անշարժ գույքի սեփականատերերին:

«Մյուս ծրագիրը մեկ սենյականոց բնակարանի գնին համարժեք ֆինանսական աջակցությունն է բազմազավակ ընտանիքներին, որոնք ապրել են մի քանի շարժական տնակներում և թողել միայն մեկ շարժական տնակ։ Մեկ այլ ծրագիր կապված է մեկ տարվա բնակարանի վարաձակալության գումարի փոխհատուցման տեսքով ֆինանսական աջակցության հետ՝ շարժական տնակի քանդման պայմանով։ Իսկ այն ընտանիքների համար, որոնք անօթևան են եղել դեռ երկրաշարժից առաջ և մինչև հիմա բնակարանատեր չեն, ծրագիր կիրականացվի սոցիալական բնակարանների հիմնադրամի շրջանակում»,-նշեց նա։

Արզումանյանը հավելեց, որ շահառուները, որոնք պետությունից ստացել են բնակարաններ, սակայն մինչ օրս չեն քանդել ժամանակավոր տնակները, պետք է դա անեն վեց ամսվա ընթացքում: «Եթե այս կամ այն շահառուին հաջողվել է բարելավել բնակարանային պայմանները այլ ծրագրերի շրջանակներում, ապա շարժական տնակները նույնպես պետք է քանդվեն»,-ասաց Տանյա Արզումանյանը։