Ալիևը լուծարում է Նախիջևանի ինքնավարության բոլոր ատրիբուտները

Ալիևը նվաճում է Նախիջևանը, և դա տեղի է ունենում այն բանի հետևանքով, որ տեղի բնակչությունը «իշխանություն» ու «պետություն» կամ «ինքնավարություն» հասկացությունները սկսել է նույնացնել։

Ավելի կոնկրետ, «Նախիջևանի ժողովուրդը» դժգոհ լինելով Վասիֆ Թալիբովից, ուրախանում է սրա թիմի անդամների ձերբակալություններով, որոնք իրականացնում է Բաքվից Նախիջևան գործուղված պետանվտանգության ծառայության հատուկ խումբը։ Ավելին, աղոթում է, որ հերթը շուտ հասնի հենց Վասիֆ Թալիբովին։

Իսկ Ալիևը կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ, օգտագործելով ժողովրդական դժգոհությունը, լուծարում է Նախիջևանի ինքնավարության բոլոր ատրիբուտները և լուծում ավելի խորքային խնդիր։

Սա այն դեպքում, երբ նույն բանը ցանկանում էր անել Էլչիբեյը 1992թ.-ին, երբ դարձյալ Նախիջևան էր գործուղել պետանվտանգության հատուկ ստորաբաժանում՝ ձերբակալելու Հեյդար Ալիևին, սակայն վերջինս կարողացավ կայծակնային արագությամբ մոբիլիզացնել ժողովրդին, հանել փողոց և ուլտիմատում դնել Բաքվի առաջ, որ իրեն ձերբակալելու և Նախիջևանի հարցը փակելու համար ուղարկված ստորաբաժանումները հաշված ժամերի ընթացքում լքեն Նախիջևանի տարածքը։
Նույնկերպ է տեղի ունեցել նաև մեր նվաճումը, ավելին՝ հիմա էլ փորձ է արվում Իրանի դեպքում։ Ուղղակի մեթոդի կիրառողներն են տարբեր երկրների դեպքում տարբեր կենտրոններ ու ուժեր։
Սա հին հնարք է և իր հնությամբ հասնում է հավանաբար մինչև նախնադար»։

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից