Կոնգրեսականը Ուկրաինան անվանել է ԱՄՆ 51-րդ նահանգ և քննադատել Կիևին օգնելու քաղաքականությունը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Ջորջիա նահանգի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը հինգշաբթի օրը քննադատության է ենթարկել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Կիևին օգնելու քաղաքականությունը՝ հարցնելով, թե արդյոք Ուկրաինան ԱՄՆ 51-րդ նահանգն է, և եթե այո, ապա ամերիկյան կառավարությունում ինչ պաշտոն է զբաղեցնում Վլադիմիր Զելենսկին։

Այս մասին Գրինն ասել է Ուկրաինային օգնելու համար Կոնգրեսի կողմից հատկացվող միջոցների ծախսերի վերահսկման մասին բանաձևի ընդունման ժամանակ։ Գրում է  ՏԱՍՍը:   

Մասնավորապես, օրենսդիրները պահանջում են Վաշինգտոնի վարչակազմից 14 օրվա ընթացքում իրենց տրամադրել համապատասխան փաստաթղթեր և այլ նյութեր՝ կապված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օրոք Կիևին հատկացվող ֆինանսական և ռազմական օգնության վերաբերյալ։

Ինչպես նշել է Գրինը, վերջին ամիսներին միլիարդավոր դոլարներ են ծախսվել Ուկրաինային աջակցելու համար։ «Ուկրաինա ուղարկած գումարներով մենք արդեն կարող էինք ապահովել մեր սահմանը, բայց սա չենք անում»,- ասել է հանրապետականն՝ անդրադառնալով ԱՄՆ հարավային սահմանին անօրինական միգրանտների հոսքի խնդրին։

«Մենք անտեսում ենք մեր սահմանի վտանգները, մինչդեռ մենք լիովին պաշտպանում ենք մեկ այլ երկրի սահմանը, ինչպես նաև միջնորդավորված պատերազմ ենք վարում Ռուսաստանի հետ»,- հավելել է Գրինը։

«Կարծում եմ, որ ամերիկացի ժողովուրդը և հարկատուները արժանի են իմանալու, թե ինչու է Բայդենի վարչակազմը և այս Կոնգրեսը (ներկայիս Կոնգրեսը երկու պալատներում էլ դեմոկրատական մեծամասնություն ունի) այդքան շահագրգռված Ուկրաինայի սահմանների պաշտպանության ֆինանսավորմամբ, և ոչ թե մեր սահմանների պաշտպանությամբ»,- ասել է նա:

Կիևին հատկացվող օգնության ծավալների հետ կապված՝ նա հետաքրքրվել է, թե արդյոք Ուկրաինան դարձել է ԱՄՆ 51-րդ նահանգը։ «Գիտե՞ք, որ մենք ֆինանսավորում ենք նաև Ուկրաինայի բյուջեն, 11,8 միլիարդ դոլար է հատկացվում, ներառյալ ուղղակի բյուջետային աջակցությունը: Հարց՝ Ուկրաինան այժմ ԱՄՆ 51-րդ նահա՞նգն է, և ի՞նչ պաշտոն ունի Վլադիմիր Զելենսկին մեր կառավարությունում»,- ընդգծել է Հանրապետականը։