Թուրքիան չի ընդունում ԱՄՆ դեսպանատան ցավակցությունները Ստամբուլում կատարված ահաբեկչության կապակցությամբ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն երկուշաբթի օրը հայտարարել է, որ իր երկրի իշխանությունները չեն ընդունում ԱՄՆ դեսպանատան ցավակցությունները՝ կիրակի օրը Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության առիթով։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեզ հասցեագրված հաղորդագրություն ենք ստացել, սակայն չենք ընդունում ու մերժում ենք ԱՄՆ դեսպանատան ցավակցությունները, մենք ոչ մեկի դեմ թշնամաբար չենք տրամադրված»,-ասել է նախարարը։

Երկուշաբթի ավելի վաղ Սոյլուն քննադատել էր ԱՄՆ դիվանագիտական առաքելության ցավակցությունները, նա ցավակցական տեքստը չի մեջբերել, բայց մեղադրել է ԱՄՆ-ին Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանն (PKK) աջակցելու մեջ։

Ստամբուլի Իսթիքլալ փողոցում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ ավելի քան 80-ը։ Քննիչների տվյալներով՝ հարձակմանը մասնակցել են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) և նրա սիրիական ճյուղը։