Մի՛ ֆռռացրեք, ուղիղ ասեք․ Մարգարիտա Սիմոնյանը հստակ պատասխան է պահանջում՝ իր մուտքը ՀՀ արգելվա՞ծ է, թե ոչ

«Ռոսիա սեվոդնյա» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հստակ պատասխան է պահանջում ՀՀ սահմանապահ ծառայությունից՝ արդյո՞ք իր մուտքը ՀՀ արգելված է, թե ոչ։

«Իմ անձնական կյանքի գաղտնիքները վաղուց բացահայտված են երկրի ողջ դեղին մամուլում, այնպես որ, մի՛ ֆռռացրեք, ուղիղ ասեք»,-ասել է լրագրողը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին։

Նշենք, որ այսօր Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչանը, ի պատասխան լրատվական գործակալության հարցման, պատասխանել է, որ Սիմոնյանի մուտքը երկիր արգելելու մասին տեղեկությունը «անհնար է փոխանցել, քանի որ պարունակում է անձնական տվյալներ»։

Նա վկայակոչել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, համաձայն որի՝ հնարավոր է հրաժարվել տեղեկատվություն տրամադրելուց, եթե այն «խախտում է անձի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդագրությունների գաղտնիությունը»: