Նորի՞ց ադրբեջանական խավիարն է լռեցնում ԵՄ «առաքյալներին»

Հոկտեմբերի 27-ին ԵՄ քաղաքացիական դիտորդները մեկնեցին հայ-ադրբեջանական սահման՝ առաջիկա երկու ամիսների ընթացքում դիտորդական առաքելությամբ սահմանային իրավիճակը վերահսկելու նպատակով։ Հիշեցնենք, որ մոնիթորինգային գործառույթով քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հոկտեմբերի 17-ին, Պրահայում ԵԽ նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ կայացած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի  և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում։ Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի առաջարկով արտաքին հարցերով խորհուրդը որոշում էր կայացրել դիտորդական առաքելություն ստեղծելու վերաբերյալ և անունն էլ դրել էին, թե  ԵՄ առաքելությունը աջակցելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը՝ հետևելով հրադադարի պահպանմանը: Տեղում հրադադարի հետ կապված ռազմական իրադրության վերաբերյալ պարբերական և հատուկ հաշվետվությունների միջոցով ԵՄ առաքելությունը կոչված է հետևելու իրավիճակին Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում: ԵՄ-ը հույս է տալիս, թե դա հնարավորություն կտա իրեն ավելի լավ աջակցել երկու երկրների սահմանային հանձնաժողովներին: ԵՄ առաքելության դիտորդները կհետևեն իրադարձություններին սահմանի երկայնքով, ներառյալ մարդու իրավունքների հետ կապված իրադարձությունները:

Փույթ չէ, որ դեռ Պրահայում միայն Փաշինյանն է խոնարհաբար համաձայնել ԵՄ առաքելության տեղակայմանը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանին (փաստաթղթի ձևակերպումն է այդպիսին), մինչդեռ Ալիևը թույլ չի տվել, որ նրանք հատեն ադրբեջանական սահմանը և անզեն վերահսկողություն սահմանեն նաև ադրբեջանական զինուժի նկատմամբ՝ արձանագրելով նրանց գործողություններն ու դավադիր սադրանքները։ Ուրեմն ինչպե՞ս կարող են հավասարաչափ ու արդարացիորեն գնահատական տալ առաքելության ներկայացուցիչները, եթե ընդամենը հայաստանյան սահմանից կարող են հետևել ադրբեջանական զինուժի գործողություններին։ Արդյո՞ք դա չի նշանակում, որ Ալիևը ի սկզբանե վիժեցրել է դիտորդների առաքելությունը, և նրանց ներկայությունն ընդամենը ձևական է՝ լավագույն դեպքում։ Ինչու լավագույն, քանի որ պայմանավորվածությունների բնույթից այնպիսի տպավորություն է, ասես ԵՄ-ի նպատակը Հայաստանից նման համաձայնություն ձեռք բերելն էր, քանի որ Ալիևից առանձնապես նման համաձայնություն ստանալու հարցում համառություն չեն ցուցաբերել։ Եվ արդյո՞ք այս դեպքում ԵՄ-Ադրբեջան համագործակցության կասկածներն արդարացի չեն լինի։ Մյուս կողմից էլ Ալիևը նման դիրքորոշմամբ ի ցույց է դրել իր ամենաթողությունն ու ԵՄ-ի նկատմամբ գերակայությունը՝ վստահ լինելով, որ կարող է աչք փակել հայկական սահմանին նրանց առաքելության ներկայության վրա։ Ապացույցը հոկտեմբերի 27-ից հետո 11 օրվա ընթացքում ադրբեջանի կողմից հրադադարի խախտման երկու դեպքերն են, որոնց մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ-ը, ինչպես նաև Բաքվի տարածած կեղծ տեղեկություններն այն մասին, թե հայկական կողմը խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ է բացել ադրբեջանական զինուժի նկատմամբ։ Հիմնվելով մեր պաշտպանության նախարարության հերքումների վրա՝ կարող ենք վստահորեն հայտնել, որ Ադրբեջանը կեղծ տեղեկություններով փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը։ Ըստ ՊՆ տարածած հաղորդագրության՝ ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը Հայաստանի սահմանին ԵՄ առաքելության տեղակայումից հետո խախտվել է նոյեմբերի 4-ի երեկոյան ժամը 19․40-ին, երբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ագրեսիայի հաջորդ դեպքը գրանցվել է այս գիշեր՝ նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նորից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Թե նախորդ, թե այս անգամ ԵՄ առաքելություն իրականացնող դիտորդները որևէ արձանագրում չեն իրականացրել և որևէ ձևով չեն արձագանքել ադրբեջանի ագրեսիային՝ գոնե թե զսպվածություն պահպանելու կոչով։ Այդպիսով նրանք ավելի են արձակում Բաքվի ձեռքերը, որը մեկ անգամ ևս համոզվում է, որ կարող է ոտնձգություններ իրականացնել հայկական տարածքների նկատմամբ՝ Եվրամիության բարձր հովանու ներքո։ Այլ կերպ ինչպե՞ս կարելի է կոչել ԵՄ ներկայացուցիչների նման վարքագիծը, երբ նրանք չեն իրականացնում իրենց գործառույթը, երբ Բաքուն թքած ունի նրանց դիտորդական գործունեության և արձանագրումների վրա։ Նորի՞ց ադրբեջանական խավիարն է լռեցնում «առաքյալներին»։

Նկատենք, որ Արցախի սահմանին տեղակայված ռուս խաղաղապահների ուղղությամբ ամեն առիթով քար նետող Փաշինյանը ևս բերանը ջուր է առել և բարձր ամբիոններից կամ թեկուզ թվիթերյան իր էջում (վերջերս վարչապետն իր համար նոր խաղալիք է գտել՝ փորձելով նմանակել իր սիրելի եվրոպացի պաշտոնյաներին) ԵՄ առաքելության ներկայացուցիչներին չի հուշում, թե ինչու են նրանք եկել Հայաստան, իր ամբարտավան ոճով չի մեղադրում նրանց ու չի հորդորում հավատարիմ մնալ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Հիշո՞ւմ եք ձեռքի թեթև շարժումով այդ նույն Փաշինյանն ինչպես փոշիացրեց 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հետո ի վերջո հանգեց  սահմանին նման առաքելությունների կարևորության մտքին կամ գուցե նրան «հանգեցրեցին» դրան՝ բայց արդեն այդ գործիքի աղճատված, անօգուտ ու գուցե վտանգավոր կիրառման միջոցով։ Եթե հիշում եք Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումների ժամանակ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման ուղղությամբ: Ու մինչ Հայաստանը հայտարարում էր, որ պատրաստ է գնալ այդ քայլին՝ փոխարենը ամենատարբեր ատյաններից Ադրբեջանին մեղադրելով բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու մեջ, Բաքուն  չնայած խոստումներին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերին պայմանավորվածությունները կատարելու մասին՝ որևէ քայլ չարեց այդ մեխանիզմները ներդնելու ուղղությամբ այնքան ժամանակ, մինչև Հայաստանում իշխանության եկավ պատուհաս Փաշինյանը և հայտարարեց, թե Արցախի խնդրի կարգավորումը սկսում է իր կետից։ Թե ինչ եղավ հետո՝ բոլորս տեսանք ու զգացինք մեր կաշվի վրա:

Լուռ են նաև Հայաստանի անվտանգությունն Արևմուտքի հետ կապող քաղաքական, հասարակական տարաբնույթ գործիչները, որոնք առիթը բաց չեն թողնում կսմթելու Ռուսաստանին՝ Հայաստանի հանդեպ մասնավորապես ՀԱՊԿ պարտավորությունները չկատարելու համար։ Պարոնայք, ձեր Արևմուտքը Հայաստանի համար վտանգավոր, օրհասական պահերին միշտ խուլ, կույր ու համր է լինելու, ինչպես 44-օրյայի ժամանակ էր, ինչպես հիմա է, երբ Հայաստանի սահմանին նորից անհանգիստ է։ Եվ Արցախի սահմանին ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման արդյունքներն անկասկած սրանից ավելի լավը չեն լինելու։ Այսքանից հետո նորի՞ց եք փորձելու մոլորեցնել հայ ժողովրդին, թե Արևմուտքն է մեր միակ փրկությունն ու անվտանգության երաշխավորը։ Հասկանալի է, որ բոլորովին ձեռնտու չէ իրերն իրենց անուններով կոչելը, որովհետև ձեր անհայրենիք գոյությունն ապահովող տերերը ոչ միայն ձեզ կզրկեն շքեղ ապրուստի միջոցներից, այլևս գուցե շառաչուն ապտակ հասցնեն։

Թագուհի Ասլանյան