Հայ գործարարների պատվիրակությունը ճանաչողական այցով եղել է Լիտվայում

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Լիտվայի Հագուստի և տեքստիլ արդյունաբերության ասոցիացիայի կողմից իրականացվող «Կանաչ տեքստիլ Եվրոպայի կայուն տնտեսության համար» ծրագրի շրջանակներում հայկական թեթև արդյունաբերության ոլորտի մեկ տասնյակ ընկերության ներկայացուցիչներ հոկտեմբերի 8-15-ը ճանաչողական այցով եղել են Լիտվայի Հանրապետությում։ Ուղևորության ընթացքում հայ գործարարներն այցելել են Վիլնյուսի, Կաունասի, Ուտենայի առաջատար տեքստիլագործական ընկերություններ, առևտրի կենտրոններ, ցուցասրահներ։ Հայաստանյան պատվիրակությանն ընդունել է Լիտվայի էկոնոմիկայի և ինովացիայի փոխնախարար Վինկաս Յուրգուտիսը։ Այս և լիտվացի գործընկերների հետ ունեցած մյուս հանդիպումներում հայ գործարարները հանգամանալի տեղեկատվություն են ստացել երկրի տեքստիլագործական հզորությունների, արտահանման շուկաների, ներդրումային ուղղությունների ու հնարավորությունների մասին, քննարկել են փոխհամագործակցության հեռանկարները։

Ծրագրի շրջանակներում Հայաստանի տեքստիլագործական ոլորտի ընկերությունները առանձին միասնական տաղավարով ներկայացել են Կաունասում հոկտեմբերի 7-9-ը կազմակերպված «Արտադրված է Լիտվայում» տնտեսական ցուցահանդեսին։

Համագործակցության հուշագիր է ստորագրվել Երևանի և հարակից մարզերի կին գործատուների միության ու Լիտվայի առևտրի, արդյունաբերական և արհեստագործական պալատների Գործարար կանանց ասոցիացիայի միջև։

Առաջիկայում նախատեսվում է նաև լիտվացի տեքստիլագործների այց Հայաստան։

«Կանաչ տեքստիլ Եվրոպայի կայուն տնտեսության համար» ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 1-ից, որն իրականացվում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Լիտվայի Հագուստի և տեքստիլ արդյունաբերության ասոցիացիայի կողմից։ Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի տեքստիլ ոլորտի ՓՄՁ-ների մրցակցային կարողությունների հզորացմանը, բարելավել շուկաների հասանելիությունը, խթանել Հայաստանի, Լիտվայի, ինչպես նաև ԵՄ շուկայի տեքստիլ ոլորտի ՓՄՁ-ների միջև կապերը։