Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կկալանավորվի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 1 նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Ռազմիկ Մարիկյանի, քիչ առաջ բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։

Ալեքսանյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իհարկե այլ բան չէինք էլ սպասում, քանզի վերջին ժամանակներում դատարանների և դատավորների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները միանշանակ ուղղված են հլու-հնազանդ դատական համակարգ ձևավորելուն (ինչպես և խոստացել էին)։

Դժվար է պատկերացնել, որ ԲԴԽ-ի կողմից դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու համաձայնություն տալը, նրան ԱաԾ-ի կողմից ձերբակալելը և կալանավորման միջնորդություն ներկայացնելը չէր ազդելու դատավորների, առավել ևս Աջափնյակ 1 նստավայրի դատավորների վրա, որպեսզի ԱԱԾ-ին և դատախազությանը հակառակ որոշում կայացնելուց առաջ ևս 10 անգամ մտածեն ու ապահովագրվելու, շառից ու փորձանքից հեռու մնալու համար չմերժեն նրանց միջնորդությունները։

Կալանքն ինչպես կար, այնպես էլ մնում է միակ խափանման միջոցը, իսկ չկալանավորելու ցանկությունը կախված է միայն մեղադրանքի կողմից (եթե իհարկե ցանկալի ցուցմունք կտաս)»։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրից բերման էին ենթարկել փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Հանրային հնչեղություն ունեցող քրեական վարույթներով պաշտպան հանդիսացող փաստաբանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից իշխանական ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու մեջ։ Վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Բարձրագույն դատական խորհուրդը զրկել է դատավորին անձեռնմխելիությունից և թույլատրել նրա նկատմամբ նախաձեռնել քրեական վարույթ։