Կիևի կենտրոնում պայթյուններ են որոտացել․ հրթիռ է ընկել նաև նախագահականի մերձակայքում

Կիևում պայթյուններ են որոտացել, հայտնում են տեղական ԶԼՄ-ները և Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Գրում է  «ՌԻԱ նովոստի»-ն:

«Կիևում 4 պայթյուն է լսվել, հաղորդում են նաև քաղաքի շրջակայքում հակաօդային պաշտպանության միջոցների աշխատանքի մասին: Պայթյուններից հետո քաղաքում ծուխ է նկատվել»,- գրում է UNIAN գործակալությունը։

«Մայրաքաղաքի Պեչյորսկի բնակիչները խոսում են երեք ուժեղ պայթյունների մասին, դրանք լսվել են նաև Կիևի այլ թաղամասերում»,- հաղորդում է Strana.ua թերթը։

Կլիչկոյի խոսքով՝ պայթյունները եղել են քաղաքի կենտրոնում՝ Շևչենկոյի շրջանում։ Նա նշել է, որ արտակարգ իրավիճակների վայր են գնացել բոլոր հատուկ ծառայությունները, խոստացել է մանրամասներ հայտնել ավելի ուշ։

Ինչպես «Թվիթերում» գրել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն, հրթիռ է ընկել Վլադիմիրսկայա փողոցում գտնվող Գրուշևսկու հուշարձանի մոտ։ Այս փողոցում է գտնվում Ուկրաինայի անվտանգության ծառայության գրասենյակը, իսկ մոտակայքում՝ նախագահականը։