Ղրիմի կամրջի պայթյունի վնասը կազմում է 200-500 մլն ռուբլի․ իշխանությունը միջադեպի համար մեղադրել է Ուկրաինային

Ապահովագրողների համառուսական միությունը գնահատել է հրդեհի հետևանքով Ղրիմի կամուրջին պատճառված վնասի չափը։ «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, նախնական տվյալներով այն կազմում է 200-500 մլն ռուբլի։

Տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ վնասների հաշվարկի և կամուրջի վերականգման աշխատանքները կսկսեն, երբ տեղում ավարտվեն օպերատիվ շտաբի աշխատանքները։

«Տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի ղեկավարությամբ լոգիստիկայի և վերականգնման օպերատիվ շտաբում համապատասխան որոշումներ են ընդունվել»,- ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչությունից:

Հիշեցնենք, որ այսօր Ղրիմի կամրջի վրա այրվել է վառելիքով բեռնված գնացքը։ Ըստ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի, հրդեհին նախորդել է բեռնատարի պայթյունը։ Հրդեհի հետևանքով փլուզվել է կամրջի մի մասը։ Ղրիմի իշխանությունները հայտնել են, որ տուժածներ չկան։

Ղրիմի Պետական ​​խորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը միջադեպի համար մեղադրել է ուկրաինական կողմին։ «Ուկրաինացի վանդալներին հաջողվել է արյունոտ ձեռքերով հասնել Ղրիմի կամրջին։ Նրանք հիմա հպարտանալու բան ունեն․ իրենց կառավարման 23 տարիների ընթացքում Ղրիմում չեն կարողացել ոչինչ կառուցել, բայց կարողացել են վնասել ռուսական կամուրջը։ Սա է Կիեւի ռեժիմի եւ ուկրաինական պետության ողջ էությունը։ Մահն ու կործանումը միակ բանն է, որը նրանց մոտ ստացվում է»,-թելեգրամյան ալիքում գրել է Կոնստանտինովը։

Ղրիմի կամուրջն ամենաերկարն է Ռուսաստանում, դրա երկարությունը 19 կիլոմետր է։ Ավտոմոբիլային մասը շահագործման է հանձնվել 2018 թվականի մայիսին։ Իսկ 2019 թվականի դեկտեմբերին նրա երկաթուղային մասով շարժվեցին առաջին գնացքները։

https://t.me/kommersant/40806