Եթե ԵՄ-ը հապճեպ քաղաքական քայլ ձեռնարկի, մենք կպատասխանենք. Ամիր Աբդոլլահիան

ԻԻՀ ԱԳ նախարարը, ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատուի հետ հեռախոսազրույցում ասել է. «Եթե Եվրամիությունը հապճեպ քաղաքական քայլ ձեռնարկի, մենք կպատասխանենք»։ Այս մասին գրում է ParsToday-ը:

Ջոզեպ Բորելի հետ զրույցում, անդրադառնալով Իրանի ներքին զարգացումներին, Ամիր Աբդոլլահիանն ասել է. «Օրենքի շրջանակում, մենք հետևում ենք Մահսա Ամինիի մահվան հանգամանքների պարզվելուն»:

Նա հավելել է, որ առաջիկայում կհրապարակվի Մահսա Ամինիի մահվան գործով դատաբժշկական եզրակացությունը:

Ջոզեպ Բորելն ասել է. «Համամիտ եմ, որ անկարգությունները և ահաբեկչությունը տարբերվում են խաղաղ ցույցերից և դրանց դեպքում պետք է համապատասխան արձագանք տրվի»:

Նա հավելել է. «Մենք նպատակ չունենք խնդիրներ ստեղծել  Իրան-ԵՄ հարաբերություններում»:

Վերջին օրերին,  Մահսա Ամինիի մահվան պատրվակով փողոց դուրս եկած խռովարարները, հակահեղափոխական լրատվամիջոցների հրահրմամբ,  Իրանի տարբեր քաղաքներում մեծ վնաս են պատճառել հանրային գույքին:

ԱՄՆ-ը և արևմտյան կառավարությունները, իրենց կից ԶԼՄ-ների միջոցով կեղծ  լուրեր են հրապարակում Իրանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: