Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հնարավորությունները կորոշվեն ձմռանը. ԱՄՆ նախկին սենատոր

Ուկրաինայում խաղաղ բանակցությունների հեռանկարը կախված կլինի ձմռան ամիսներին ստեղծված իրավիճակից, դրանց շանսերը ավելի մեծ կլինեն, երբ ԱՄՆ-ում և Եվրոպայում մարդիկ սկսեն ավելի շատ ուշադրություն դարձնել սեփական խնդիրներին և հասկանան, որ պետք է դադարեցնեն զենքի համար գումար ուղարկել աշխարհով մեկ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում ասել է Վիրջինիա նահանգից նախկին սենատոր Ռիչարդ Բլեքը։

«Ինչ վերաբերում է խաղաղ բանակցությունների հնարավորություններին, ապա հիմա պարզ չէ, քանի որ մենք պետք է տեսնենք, թե ինչ կլինի ձմռանը», – ասել է նախկին սենատորը։

«Կարծում եմ, որ խաղաղ բանակցությունների շանսերը կարող են ի հայտ գալ, երբ մարդիկ սկսեն հասկանալ, որ պետք է դադարեցնեն զենքի համար գումար ուղարկել աշխարհով մեկ, ժամանակն է սկսել մտածել այն մասին, թե ինչ է կատարվում տանը», – ասել գործակալության զրուցակիցը՝  նշելով, որ ԱՄՆ-ում տնտեսությունն ավելի անկայուն է դառնում։

Նրա կարծիքով, քանի որ ԱՄՆ-ում և Եվրոպայում մարդիկ սկսում են ավելի շատ ուշադրություն դարձնել սեփական խնդիրներին, կարող են ավելի շատ շարժվել դեպի խաղաղ բանակցություններ, սակայն այս պահին իրավիճակը անորոշ է: