ԱԺ-ում ներկայացված 3 ուժերը կարող են սկիզբ դնել իրական համախմբման և ապահովել «մասնակի իշխանափոխություն»․ Պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է․

«Օրեր առաջ ՀՀ առաջին նախագահը ներկայացրեց, որ իրավիճակն օրհասական է, նույնիսկ օգտագործվում էր մեզ սպառնացող «կապիտուլյացիա» եզրույթը: Առաջին նախագահի դիրքորոշմանը կամ մեկնաբանություններին այլ հարցերի վերաբերյալ չեմ անդրադառնա:

ՀՀ երկրորդ նախագահն այսօր ևս արձանագրեց իրավիճակի օրհասական բնույթը: Հանրապետության երկու նախագահ հրապարակավ արձանագրել է այդ իրողությունը: Ըստ էության նույն դիրքորոշումն արձանագրել է նաև օրվա իշխանությունը:

Նախագահ Քոչարյանը հստակ ներկայացրեց նաև այս իրավիճակից դուրս գալու կոնցեպտներ, այդ թվում անվտանգային քաղաքականության արտաքին և ներքին՝ լուրջ փոփոխությունների անհրաժեշտությունը: Հստակ արձանագրվել է նաև, որ սա իշխանության համար պայքար չէ, սա մեր, բոլորիս պետականության պահպանման պայքարի մասին է:

Հայաստանի երկու նախագահներն արձանագրում են, որ մեր պետականության պահպանման համար անհրաժեշտ է բացառիկ համախմբում: Դրա ապացույցներից է Վեհափառ Հայրապետի մոտ նախկին բոլոր նախագահների հանդիպման փաստը: Մեզ անհրաժեշտ է այնպիսի համախմբում որը կարող է լինել պատմական: Մեր հասարակության մեջ միշտ եղել են կարծիքների բախումներ, սակայն այսպիսի պառակտում, որ առկա է վերջին տարիրներին և առկա է հիմա՝ երբեք չի եղել:

2021 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքներով որևէ անձ վարչապետ չի ընտրվել, որևէ անձի պաշտոնի չեն ընտրել: Լեգիտիմիության դեֆիցիտի պայմաններում ժողովուրդը երեք քաղաքական ուժի պատվիրակել է մանդատ: Հետևաբար հենց այդ երեք ուժերը, այս օրհասական պահին կարող են սկիզբ դնել իրական հանրային համախմբանը. ապահովել <<մասնակի իշխանափոխություն>>՝ հնարավորություն տալով նոր բանակցող ունենալու, նոր բանակցություններ սկսելու, այս վիճակից դուրս գալու իրական շանս ունենալու, դրա համար պայքարելու համար:

Կրկին պետք է հիշեցնեմ նույն 1940 թվականին (պատերազմական պայմաններում) Անգլիայի փորձը, որտեղ խորհրդարանական բոլոր ուժերը համաձայնեցին <<խաղաղության օրակարգի>> աջակից վարչապետ Չեմբեռլենի առջև դնեն հրաժարականի պահանջ և բոլոր խորհրդարանական ուժերը աջակցեցին Չերչիլին»: