Շոյգուն ստորագրել է մասնակի զորահավաքի մասին հրահանգը

ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ մասնակի զորահավաքի մասին հրահանգը ստորագրել է, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կազմավորումների և զորամասերի զորահավաքային տեղակայման բազան, զինկոմիսարիատները և ուժեղացված ապարատը պատրաստ են զորահավաքի, ժամանակն է գործնականում կիրառելու ամենամյա ռազմավարական զորավարժությունների ընթացքում ձեռք բերված փորձը:
Ստորագրել եմ հրահանգը, շրջանների համար խնդիրները սահմանվել են, տրվել են Գլխավոր շտաբի հանձնարարականները զորքերում և ուժերում զորահավաքային միջոցառումների անցկացման կարգի վերաբերյալ, հանձնարարում եմ շարունակել կատարողականը»,-ասել է Շոյգուն:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել:
«Ռուսաստանը, նրա ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պաշտպանելու համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացիա անցկացնելու առաջարկին: Զորակոչի կենթարկվեն միայն ռեզերվում գտնվող քաղաքացիները, նրանք լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով հատուկ գործողության փորձը: Այսօրվանից կմեկնարկեն զորահավաքային աշխատանքները»,- ասել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողությանը մասնակցող մոբիլիզացված անձինք կստանան վարձատրություն և պայմանագրով ծառայող զինվորականի կարգավիճակ:

«Արևմուտքը հատել է բոլոր սահմանները, անպատասխանատու քաղաքական գործիչները խոսում են Ուկրաինային հարձակողական զենքի մատակարարման, Ռուսաստանի դեմ ռազմական հարվածների մասին: Արևմտյան երկրները Կիևին մղում են ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխելու համար»,- ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ ՌԴ-ն փետրվարի 24-ից հատուկ ռազմական գործողություն է անցկացնում Ուկրաինայում: