Մեր դժբախտությունն ու պարտությունը սկսվեց էն ժամանակ, երբ մարդկանց թվաց, թե «անկախությունը» ոչ թե պատասխանատվություն է, այլ՝ իշխանություն ու զվարճանքներ
1918թ. գարնանը Հայաստանի անկախությունը բաց-բրախ դրած էր, վերցնող չկար։ Ու սա ոչ թե վատ իմաստով պետք է հասկանալ, այլ՝ ամենադրական։ Պատասխանատու մարդիկ էին ու հասկանում էին պատասխանատվության չափը։ Ի վերջո վերցրեցին։
Էն անկախությունը, որ դարերով չէինք կարողանում վերականգնել ու որի համար տասնյակ հազարներով զոհեր էինք տվել ու զոհել նաև էն մարդկանց զավակներին ու ընկերներին, որոնք էդ պահին դեռ մտածում էին վերցնելուց առաջ։
Հեշտ չէր վերցնելը, որովհետև հսկայական պատասխանատվություն էր, որովհետև դա նշանակում էր թուրքի դեմ մնալ ու կռվել մեն-մենակ, սովի դեմ պայքարել մեն-մենակ, կրթական համակարգ կառուցել մեն-մենակ, բանակ կառուցել մեն-մենակ, փախստականներին տեղավորել մեն-մենակ, արտաքին աշխարհի հետ հարաբերվել մեն-մենակ ու «մեն-մենակ»-ների էլի մի շատ մեծ շարք։
Ու մեր դժբախտությունն ու պարտությունը սկսվեց երևի էն ժամանակ, երբ մարդկանց թվաց, թե «անկախությունը» ոչ թե պատասխանատվություն է, այլ՝ իշխանություն ու զվարճանքներ, պոռոտախոսություն ու անպատասխանատվություն, 100 ձեռքբերումների մասին անիմաստ ասուլիսներ, «սիրում եմ բոլորիդ» ոճի դատարկ խոսքեր, «խոնարհվում եմ բոլորիդ առաջ» զառանցանքներ և այլն։
Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից