ՀՀ ԶՈՒ-ն վերականգնել է 6 դիրքի նկատմամբ վերահսկողությունը

Միջազգային հարթակներում ադրբեջանական ագրեսիան դատապարտող արձագանքներն ուղղակիորեն կապված են Հայաստանի զինված ուժերի հստակ պաշտպանական գործողությունների իրականացման հետ: Այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նախորդ օրը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ հրավիրված հրատապ նիստին:

«Միջազգային հարթակներում այս արձագանքներն ուղղակի կապված են մեր ԶՈՒ-ի հստակ պաշտպանական գործողությունների իրականացման հետ: Եթե մենք չկռվեինք այնպես, ինչպես կռվել ենք, այսպիսի արձագանքներ պարզապես չէին լինի»,-ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի օկուպացրած 10 քառ․ կմ տարածքին և դրանց ռազմավարական նշանակության վերաբերյալ հարցին՝ Քոչարյանն ասաց. «Ցանկացած տարածք, որտեղ մենք ներկայացված ենք եղել, ունեցել է ռազմավարական նշանակություն: Եվ այս գործողություններով, ամենայն հավանականությամբ, նկատելի է, որ Ադրբեջանը մինչև դեմարկացիայի փուլ մտնելը փորձում է սահմանային իր դիրքերն ավելի բարելավել: Բայց դրանից հետո եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում նորից հետ են անցել մեր տնօրինման տակ, խոսքը 6 դիրքի մասին է: Շատ հնարավոր է, որ դա նորից փոփոխությունների ենթարկվի»:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
 
Սեպտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զոհերի ճշգրտված թիվը 135 է, սակայն այն վերջնական չէ։

Մինչ այժմ պաշտպանության նախարարությունը զոհվածների անունները չի հրապարակել։