ԵԽ պատգամավորը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել Հայաստանի դեմ հարձակումները

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան։ Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։

«Եվրախորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խումբը հնարավոր ամենախիստ ձևով դատապարտում է վաղ առավոտյան Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումը։ Կոչ ենք անում Եվրամիությանը՝ ի դեմս ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, հնարավորինս շուտ միջամտել և կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել այս հարձակումները»,- նշել է Ֆուրլասը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍներ:

ՊՆ տեղեկացմամբ, ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհերի նախնական թիվը՝ 49–ն է։