ԱՄՆ-ը Թուրքիային և Հունաստանին կոչ է անում չթեժացնել իրավիճակը տարածաշրջանում

ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Էգեյան ծովի օդային տարածքում հունական ՀՕՊ համակարգերի կողմից թուրքական ինքնաթիռները նշանառության տակ առնելու վերաբերյալ պնդումները:

Ավելի վաղ նման պնդում էր առաջ քաշել պաշտոնական Անկարան: Իր հերթին հունական կողմը հերքել էր այդ պնդումները:

Ինչպես գրում է «Էրմենիհաբերը»  ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հարցին անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության անանուն պաշտոնյաներից մեկը:

Նա մասնավորապես նշել է.

«Մենք շարունակում ենք կոչ անել ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներ Հունաստանին և Թուրքիային տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով լուծել և ապահովել տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից և գործողություններից, որոնք ավելի կթեժացնեն լարվածությունը»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է տեղեկատվություն տրամադրել՝ ՆԱՏՕ-ին Էգեյան ծովի օդային տարածքում հունական ՀՕՊ համակարգերի կողմից թուրքական ինքնաթիռները նշանառության տակ առնելու լուրերի վերաբերյալ: